Օրերս հայտնի դարձավ, որ «Trancparency International Armenia»-ն գրասենյակ է բացել Արցախի Հանրապետությունում: Կազմակերպության տարածած տեղեկատվության համաձայն՝ գրասենյակը կծառայի որպես ռեսուրս կենտրոն՝ այլ ՀԿ-ների և երիտասարդների համար։ Ծրագիրը իրագործվում է Արցախում գործող «Քաղաքացիական հաբ/Civic Hub» հասարակական կազմակերպության կողմից։ Կկազմակերպվեն դասընթացներ մեդիագրագիտության, քննադատական մտածողության, մարդու իրավունքների և այլ թեմաներով։ Կլինեն քննարկումներ, դեբատներ Արցախի և տեղի երիտասարդության համար կարևոր թեմաներով։ Այս համատեքստում արդեն իսկ կայացել են առաջին հանդիպում-միջոցառումները կրթության և մշակույթի հարցերի վերաբերյալ։ Քննարկումներն անց են կացվում Արցախի կառավարության և Ազգային ժողովի, ՀԿ-ների, ակտիվ երիտասարդների մասնակցությամբ։ Նմանօրինակ հանդիպումները շարունակական են լինելու։

Թե՛ «Trancparency International Armenia»-ն, թե՛ «Civic Hub»-ը համարվում են սորոսական ՀԿ-ներ և սնվում են անմիջապես Սորոսի ֆոնդից: Ստացվում է, որ ՀՀ և Արցախի իշխանությունների համաձայնությամբ' սորոսականները տնավորվում և արմատավորվում են Արցախում՝ իրականացնելու իրենց ծրագրերը: Թե սովորաբար ինչ է թաքնված նման ծրագրերի հետևում՝ գաղտնիք չէ, վերջին երեք տարիների ընթացքում հայ հասարակությունը իր մաշկի վրա է զգացել նման ծրագրերի «բարերար» ազդեցությունը: Ուշագրավ է հարցի նաև քաղաքական կողմը. ստացվում է' Փաշինյանն ու Հարությունյանը մի կողմից փորձում են ամեն գնով շահել ռուսական կողմի սիրտը, մյուս կողմից' հենց ռուսների քթի տակ տեղակայում են սորոսական դեսանտ: