Նոյեմբերի 3-ին, Ժամանակակից արվեստի թանգարանում, տեղի ունեցավ ֆրանսիական «Պարադիզ» օղու շնորհանդեսը։ Արթուր Ավետյանը, ով ֆրանսիական խմիչքների ոլորտում բավականին հարուստ կենսագրություն ունի և Ֆրանսիայում համարվում է լավագույն խմիչքներ ստեղծող, ընկերոջ՝ իսպանահայ գործարար Արման Մայիլյանի հետ համատեղ իրագործեցին նոր բրենդի ստեղծումը, որը շատ կարճ ժամանակում, ըստ ֆրանսիական Քարֆուրի` հասցրեց դառնալ աշխարհում առաջատար համարվող Grey Gosse և Belvedere ապրանքանիշների ամենամեծ մրցակիցը։

Գործարար Արման Մայիլյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա հավելեց․ «Յուրաքանչյուր հայ գործարարի հաջողությունն առավել ևս Հայաստանի սահմաններից դուրս՝ Եվրոպայում, նախևառաջ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի հաջողությունն է։ Հետևաբար, ամեն օր պետք է արթնանալ այն մտքով, որ այսօր մի քայլով ևս մոտենալու ենք մեր նպատակներին։ Պարզապես, պետք է ունենալ ձգտում, համառություն ու աշխատասիրություն»,- ասաց նա:

Լինելով հայ ու խմիչքի արտադրության ոլորտում կրելով ֆրանսիական մշակույթը՝ Արթուր Ավետյանի համար մեծ պատասխանատվություն է հայրենիքում լավագույնս ներկայացված լինելը․ «Իմ գործում ամեն բան փորձել եմ հասցնել մշակութային արժեքի, արվեստի մակարդակի։ Վստահ եմ, որ «Պարադիզ»-ը կփոխի օղի խմելու մշակույթը՝ այն բարձրացնելով ուրիշ հարթության վրա»,- իր խոսքում նշեց Ավետյանը։

Ըստ նրա՝ հաջողության հասնելու գրավականը երազելն է ու երազանքին հավատացողներ ունենալը․ «Եթե ուզում ես բիզնես ծավալել, պետք է ուղղակի զբաղվես առևտրով, եթե ուզում ես հասնել մեծագույն հաջողությունների, պետք է երազես»,- ասաց Ավետյանը։

«Պարադիզ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Աշոտ Օսիպյանն էլ ընդգծեց՝ Արթուր Ավետյանի հետ իրենց միավորել է մշակույթը, քաղաքականությունն ու պատմությունը․ «Ունենք երկու նպատակ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետը՝ Ավետյանի կողմից արտադրվող բոլոր ապրանքանիշների ներկայացումն է Հայաստանում, երկարաժամկետը՝ կառուցել Հայաստանում գործարան և, ներդնելով Ավետյանի գիտելիքները, արտադրել գինի, օղի, դրանք վաճառել Եվրոպայում»,- եզրափակեց Օսիպյանը։

Միջոցառմանը ներկա էին անվանի մշակութային, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, երգարվեստի և մարզաշխարհի ներկայացուցիչներ։

Օղու համտեսին ու հյուրասիրությանը զուգահեռ ցուցադրվեցին ֆրանսահայ հանրահայտ նկարիչներ Գառզուի, Ժանսեմի նկարները։ Երեկոն ուղեկցվեց դաշնամուրային կատարումներով, հնչեցին Շառլ Ազնավուրի, Ժակ Բրելի, Միշել Լեգրանի ստեղծագործությունները։