Հեղափոխությունից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հեղափոխությունների՝ քաղաքական, տնտեսական, խոստացավ իրականացնել նաև գյուղատնտեսական հեղափոխություն, որը կտրուկ կփոխի գյուղացու կյանքի որակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը' լուծելով տարիներ շարունակ կուտակված խնդիրները:
Անցել է երեք տարի, և այսօր Փաշինյանի թիմակից՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փաստացի «յուղոտ խաչ» քաշեց Փաշինյանի գյուղատնտեսական հեղափոխության տեսլականի ու խոստումների վրա' բացահայտ ակնարկելով, որ գյուղատնտեսության հետ առանձնապես հույսեր կապել պետք չէ, և տնտեսության մեջ գյուղատնտեսության տեսակարար կշիռը գնալով նվազելու է: Ստացվում է՝ Փաշինյանի թիմակիցը արձանագրում է հետևյալը՝ կամ գյուղատնտեսական հեղափոխությանը գործը այդպես էլ չհասավ, ինչպես ի դեպ և տնտեսականին, կամ այդ հեղափոխությունը տապալվել է, և այսօր Քերոբյանը բարձրաձայնում է Փաշինյանի հերթական ֆիասկոն:
Վերջին երեք տարիներին իշխանություններն արեցին ամեն բան՝ գյուղացու կյանքը դժոխքի վերածելու համար: Չզրոյացվեցին գյուղատնտեսական վարկերը' չնայած նախընտրական խոստումների, հողերի խոշորացումը, ոռոգման ջրի խնդիրը էլ ավելի բարդացրեց գյուղացու խնդիրը: Եթե Փաշինյանի հռչակած գյուղատնտեսական հեղափոխության նպատակը ոլորտը ի սպառ ոչնչացնելն էր, ապա պետք է նշենք, որ այդ խնդիրը կառավարությունը փայլուն լուծել է: