Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավվաքի ժամանակ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում ասաց․
«Այսօր խոսելու եմ պատերազմի մասին, Արցախի մասին, բանակցային գործընթացի հեռանկարների մասին, ներքաղաքական իրավիճակի մասին և մեր անելիքների մասին։
Շատ կարճ՝ պատերազմի մասին։ Նոր բան այստեղ դժվար է ասել, քանի որ 1 տարի սա բոլոր քննարկումների առարկան է եղել։ Ուղղակի այսօր ուզում եմ ճշտել մի քանի փաստ՝ անհերքելի, անժխտելի։
Փաստ 1․ Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության, հրահրեց պատերազմ։
Փաստ 2․ Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ այս պատերազմում պարտվելու համար․ գիտակցաբար, թե՝ ոչ, այլևս կարևոր չէ․ իր սխալ քայլերով, հիմարություններով։ Պարտությունը մեր սկսվել է ավելի շուտ, նոյեմբերի 9-ը չէ, սկսվել է, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, երբ սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում։ Իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, իրենց պետք էր իրենց հավատարիմ բանակ։ Երբեք, ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ։
Փաստ 3․ Ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ։ Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել․ ոչ մի երկիր չի դատապարտել ագրեսիան սկսող պետությանը, պատերազմը սկսող պետությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսպիսի բան չի եղել։ Մեկը չկա՞ր՝ զանգեիր, ասեիր՝ դատապարտող մի բան ասեք գոնե պատերազմի սկսողին։ Ինչ վիճակում եք հայտնվել, ինչ մեկուսացված վիճակում եք եղել։ Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում․ ձեր հալը հալ չի՝ նման ծրագրեր իրականացնելու համար։ Եվ ամենից անհասկանալին է, երբ դատապարտվեց Հայաստանը՝ Գանձակին հրթիռային հարված հասցնելու համար։
Փաստ 4․ Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար․ հոկտեմբերի 19-ն էր, որոշ տվյալներով՝ նաև հոկտեմբերի 7-ը։ Այդ հնարավորությունը մերժվեց հանցավոր բացատրությամբ։ Այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը այս իշխանության խղճի վրա է։ Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բավարար է։ Սրանք անժխտելի են»։
Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի թեմային, «Զանգեզուրի միջանցքին»՝ Քոչարյանն ասաց, որ դելիմիտացիա նշանակում է, որ ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ուղղակի ֆիքսում Ղարաբաղի անկլավային վիճակը՝ Ադրբեջանի ներսում․ «Սա ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման վերջն է լինելու, սա նշանակելու է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում, այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։ Պատկերացրեք, որ դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանն ստանալու է լեգիտիմ իրավունք՝ երբ ուզի, ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհին դնել իր սահմանապահներին, իր մաքսային կետն ու ամբողջությամբ վերահսկել շարժը՝ ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին, եւ ոչ մեկը չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական քայլ»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ բացառվում է թույլատրել սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլյացիան կամ որոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը։