Նիկոլ Փաշինյանը վերցնում է ճշմարտությունը, դրան «ավելացնում պոչեր ու պոզեր» և այն մատուցում մեզ' որպես ճշմարտություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, թե ներկայիս ընդդիմադիրները, որոնք դեմ են հայ-թուրքական բարիդրացիական հարաբերություններին և կարծում են, որ այն հայ ժողովրդին թրքացման է տանում, ժամանակին հենց իրենք Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու փորձեր են կատարել:
«Կարծում եմ՝ նա ակնարկում է Սերժ Սարգսյանի ժամանակ սկսված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձը, բայց այն ժամանակ բոլորովին այլ հարաբերությունների և բոլորովին այլ Հայաստանի ու Թուրքիայի մասին էր խոսքը: Այն ժամանակ Թուրքիայի իշխանությունները չէին տենչում սպանել հայ ժողովրդին և ոչնչացնել մեր պետականությունը, չէին ձգտում միջանցք հաստատել ՀՀ տարածքի վրայով: Այն ժամանակ ՀՀ իշխանությունը հազարավոր մարդկանց երեխաներին չէր դրել զոհասեղանի վրա և Շուշիի հետ հանձնել Ադրբեջանին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բարդ է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի մտքերը.
«Ինքը ոտքից գլուխ սուտ է ու չարք, իր պատիժը ստանալու է, ինքն էլ լավ գիտի դա: Այդ արարքներն ու գործողությունները կատարած անձը չի կարող խուսափել պատժից, որքան շուտ լինի արդար դատաստանը, այնքան իր և բոլորի համար լավ կլինի»,- նշեց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում «դատարկ» օրակարգեր, իրենք էլ, ընկնելով այդ օրակարգերի հետևից, շեղվում են լուրջ օրակարգերից:
Խոսելով Թուրքիայի և Հաայստանի միջը հնարավոր հարաբերություններից՝ պատգամավորն ասաց, որ, ըստ իրեն, որևէ իրական հարաբերություն չկա, եթե կա, ապա միայն ստվերային. «Այն ինչի մասին խոսում և երազում է գործող վարչախումբը, Հայաստանը տանում է դեպի թրքացման»,- ասաց նա՝ պարզաբանելով, թե ինչ է իրենից ներկայացնում թրքացում ասվածը. «Երբ ասում ենք Հայաստանի թրքացում, չենք ասում այստեղի ժողովրդին վերցնելու են, փոխարեն բերեն թուրք ժողովուրդ, այսինքն՝ Հայաստան է մտնելու խոշոր չափի թուրքական կապիտալ, և այդ կապիտալը թելադրող է լինելու բոլոր ոլորտներում, ինչի հետևանքով Հայաստանում սկսելու է արտահոսք: Նման պայմաններում արժանապատիվ մարդը ապրել չի կարողանա, ով էլ մնա Հայաստանում' դառնալու է թուրքական իշխանություններին սպասարկող անձ»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ երբ թուրքական կապիտալը մտնի հայկական շուկա, առաջինը տուժելու են Արարատյան դաշտի և Կոտայքի գյուղացիները, որովհետև անիմաստ է դառնալու խաղողի, մնացած մշակաբույսերի և այգիների մշակումը. «Մեր գյուղացիները չեն կարող մրցակցել թուրքական մրգի, բանջարեղենի հետ: Երևի ճիշտ է՝ այս ամենն անընդհատ ասենք՝ ժողովուրդը հասկանա, թե այս վարչախումբը ինչ է ուզում անել ժողովրդի հետ»,- շեշտեց Գեղամ Նազարյանը:
Անդրադառնալով իրենց օրակարգին՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ իրենք կողմ են բոլոր երկրների հետ արժանապատիվ հարաբերություներին, բայց ոչ տարածքների, արժանապատվության, ցեղասպանությունը, Շուշին ու Հադրութը ուրանալու հաշվին.
«Մենք կողմ ենք հավասարը հավասարին հարաբերություններին' առանց որևէ նախապայմանների: Մենք խաղաղության դաշինքն ենք, խաղաղության և արժանապատվության ուժն ենք, իսկ գործող վարչախումբը ունի արյան և պատերազմի դեմք»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ներկայիս իշխանութունը միշտ պարտություն և ստորացում է բերելու մեր երկրին»:
Զվարթ Պետրոսյան