2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո անցել է ուղիղ մեկ տարի և այս մեկ տարվա մեջ կուտակվել են ՝ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո առաջացած մի շարք հարցեր, որոնց պատասխանները իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում ներկայացնել հանրությանը: Մինչդեռ այդ հարցերի պատասխանները անչափ կարևոր են՝ պատերազմի ընթացքը և նման ավարտը հասկանալու, վերլուծելու տեսանկյունից:
Դիցուք՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով է ղեկավարել Շուշիի համար մղվող մարտերը: Նախընտրական հավաքներից մեկում Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան է տալու Շուշիի համար, սակայն, Գասպարյանը մինչ օրս նույնիսկ չի մեկնաբանել վարչապետի այդ հայտարարությունը, էլ չենք խոսում պատասխան տալու մասին: Անշուշտ, սա չի նշանակում, որ Շուշիի անկման մեջ մեղավոր է Գասպարյանը, շրջանառվում էին տարբեր անուններ, սակայն, փաստը մնում է փաստ, որ պատերազմից մեկ տարի անց այդ կարևոր և առանցքային դրվագի վրա դեռևս լույս չի սփռվել:
Հասկանալի չէ նաև, թե ինչ առաքելությամբ էր Արցախ մեկնել ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը' այն էլ 30 հատուկ ջոկատայիններով:
Չի տրվել այն կարևորագույն հարցի պատասխանը, թե, ի վերջո, քանի վիրավոր, գերի և անհետ կորած ունի հայկական կողմը պատերազմից հետո: ՊՆ-ն այս հարցում ակնհայտ կերպով միացրել է գաղտնապահության ռեժիմը և դա է պատճառը, որ մեկ տարի անց՝ հանրությունը ի վիճակի չէ ամբողջական պատկեր ստանալու, թե, ի վերջո, ինչ գին ենք վճարել 44-օրյա պատերազմի ժամանակ:
Հայտնի չէ, թե հայրենիքին մատուցած որ ծառայությունների համար են պատերազմի օրերին և դրանից հետո մի շարք բարձրաստիճան սպաներ արժանացել Ազգային հերոսի կոչման: Ի վերջո, հասարակությունը պետք է ծանոթ լինի նրանց կատարած սխրագործություններին, եթե դրանք, իհարկե, կան:
Հստակ պատասխան չի տրվել այն հարցին՝ արդյոք կիրառվել է 44 օրերի ընթացքում Իսկանդեր մարտավարական համալիրը, թե ոչ:
Հարց է՝ ինչու չի կասեցվել պատերազմը, եթե կար նման հնարավորություն, և ինչու հենց այդ օրերին հեռացավ ԱԱԾ տնօրեն Միքայել Համբարձումյանը:
Չի տրվել այն հարցի պատասխանը, թե ինչ հիմքով է կառավարությունը յուրացրել պատերազմի օրերին հանգանակած դրամական օգնությունը և ինչ նպատակով են ծախսվել այդ գումարները:
Հանրությունը մինչ օրս չգիտի, թե ով է կասեցրել 44-օրյա պատերազմի օրերին ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստը:
Սրանք առկա հարցերի ընդամենը մի մասն են, սակայն, այն, որ այս հարցերը դեռ օրակարգային են և չեն ստացել իրենց պատասխանները արդեն իսկ խոսուն վկայությունն է այն բանի, որ իշխանությունները առնվազն ազնիվ չեն՝ հասարակության հետ իրենց հռչակած երկխոսության մեջ, և երկխոսություն, որպես այդպիսին, չկա: