Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի, Արմեն Սարգսյանի և Գագիկ Ղազարյանի առողջական վիճակը շարունակում է գնահատվել միջին ծանրության: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ԱՀ Առողջապահության նախարարությունից:
Մեր այն հարցին, թե դեռ որքան ժամանակ նրանք կլինեն հիվանդանոցում, նախարարությունից պատասխանեցին՝ պարզ չէ, հիվանդները դեռ պետք է լինեն բժիշկների վերահսկողության տակ:
Հավելենք, որ երեկ Գևորգ Մելքումյանի վիրահատությունը ավարտվել է բարեհաջող և արդեն շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի:
Նշենք, որ Ստեփանակերտում Wargonzo նախագծի աղբյուրները հայտնեցին, որ Շուշիի մոտ գնդակահարված խաղաղ բնակիչները ջուր են անցկացնելիս եղել ռուս խաղաղապահների համար.
«Արցախի ջրմուղի աշխատակիցների կողմից «գորշ գոտում» իրականացված վերանորոգման և վերականգնման աշխատանքները կատարվել են հատուկ ՌԴ ՊՆ անցակետերից մեկի ջրամատակարարումը կազմակերպելու նպատակով։
Wargonzo նախագծին հայտնի է դարձել նաև, որ երեկ Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված հայ երիտասարդը սպանվել է ադրբեջանցի զինվորականի կողմից։
Այս ամենը տեղի է ունեցել օրը ցերեկով, գրեթե հենց Գորիսն ու Ստեփանակերտը կապող մայրուղու վրա, որը բառիս բուն իմաստով կյանքի ճամփա է Արցախի համար։
Կարևոր է նշել, որ սպանությունից հետո Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են մի ամբողջ տեղեկատվական հատուկ օպերացիա՝ ՌԴ ՊՆ գործունեությունը վարկաբեկելու նպատակով։
Ֆեյսբուքի հայկական հատվածում հաղորդագրություններ են նետվել, թե իբր ադրբեջանցիները կաշառել են խաղաղապահներին՝ այս միջադեպի վրա աչք փակելու համար։ Այս ամենը կարծես թե Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և ղարաբաղյան ճակատում հետագա էսկալացիայի համար պայմաններ ստեղծելու ավելի մեծ արշավի մի մաս է»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին ցուցաբերվել է բժշկական օգնություն։