Սեռական այլասերվածության տեսարաններ պարունակող ֆիլմերը, անշուշտ, կարող են ազդեցություն ունենալ այն դիտողի հոգեկան աշխարհի վրա, ասում է պրակտիկ հոգեբան, սեքսապաթոլոգ Ալեքսանդրա Միլլերը։
Մարդու ուղեղում, ինչպես պարզաբանել է փորձագետը, կան հայելային նեյրոններ, որոնք «պատճենում են» վարքագիծը, այդ թվում՝ բռնության և սեռական այլասերվածության տեսարանները։ Եթե անգամ հոգեպես առողջ մարդը նայի այս տեսարաններին ու նույնիսկ եթե դրանք իրեն դուր չգան, ուղեղը կֆիքսի դրանք։
«Չեմ ասում, որ նա կկրկնօրինակի, բայց նման պահվածքը ուղեղում ինչ-որ տեղ մնում է, այո, այսինքն, ամեն դեպքում, բռնության տարբեր տեսարանները կամ վարքագծի շեղումները դրական ազդեցություն չեն ունենում հոգեկանի վրա։ Եվ ավելի լավ կլիներ ինչ-որ կերպ ավելի պոպուլյար դարձնել տարատեսակ դրական տեսարանները ու ինչ-որ դրական օրինակները»,- նշել է Միլլերը։
Ընդ որում, եթե ֆիլմերում նման տեսարաններ տեսել է մտավոր թերզարգացած կամ, օրինակ, սադիզմի հակում ունեցող անձը, ապա ուղեղի հայելային նեյրոնները ստացել և «ձայնագրել» են արդեն իսկ դրա մեջ եղած տեղեկությունը։ Այսպիսով, գրգռիչը մտնում է ուղեղ՝ առաջացնելով ռեակցիա, որը կարող է հանգեցնել սրացման և տարբեր խանգարումների։
Միլլերը նաև կոչ է արել սահմանափակել դեռահասներին նման բռնի տեսարաններից և բովանդակությունից, քանի որ նրանց հոգեկանը շատ փխրուն է: Նույնիսկ եթե դեռահասը ապրում է բարեկեցիկ ընտանիքում, նա կարող է ունենալ բարդույթներ կամ ինչ-որ բան, որի հետ չի կարող հաշտվել, և ֆիլմերում դաժանության, բռնության ու այլասերվածության տեսարանները, ինչպես նաև նման տեղեկության տարածումը սոցիալական ցանցերում կարող են բացասաբար ազդել նրա հոգեկան աշխարհի վրա: