«Ո՞վ չգիտի, թե ինչ կարող էր լինել խորհրդարանական ընտրություններում մեր պարտության պարագայում։ Մենք բոլորս դա գիտեինք․․․։ Ես հիշում եմ, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ քննարկում էին, թե ինչու մենք էսքանից հետո, ընդհանրապես, պիտի մնայինք իշխանության, մեր պատասխանն էր, որ մենք, այո՛, պետք է պահպանենք ժողովրդի մանդատը։ Ինչո՞ւ, որովհետև մենք չպետք է թողնենք նավն ալեկոծված ծովի կենտրոնում, մենք նավը պետք է հասցնենք նավահանգիստ»,- ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված ՔՊ-ի դրամահավաք երեկոյի իր խոսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ Սյունիքը հանձնելու մասին ընդդիմության մեղադրանքներին.

«Էսօր մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են։ Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը։ 2018 թվականի դրությամբ, Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզներին և նախադպրոցական հիմնարկներին, 100 երեխայից 4-ն է կարողացել գնալ մանկապարտեզ։ Էս ա Սյունիքի մարզի հանձնելը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Սյունիքի մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է անում։

«Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ կառավարությունը մի համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի»,- ընդգծեց նա։

«Անվտանգությունը թեև մեր ամենախոցելի տեղն է, բայց անվտանգության մարտահրավերը ծագում է այն ժամանակ, երբ որ երկրի կրտսեր դպրոցի ավարտած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի, 2019 թվ-ի դրությամբ։ 30-ամյա անկախ պետության կրտսեր դպրոցի ամեն 100 աշակերտից 35-ը կարդալ չգիտի։ Էդ ա անվտանգության մարտահրավերը, կամ էդտեղից սերմանված մարտահրավերն ա, որ ջարդվելա մեր գլխին»,- ասաց Փաշինյանը։