Բանակցությունների միջոցով ադրբեջանական զորախումբը, որ առաջ էր եկել, հետ է քաշվել, այդ տարածքներում այն վիճակն է, որե ղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ 4 հենակետերի, որոնք որեւէ մեկի կողմից չի վերահսկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, այդ հենակետերը այսօր ուղղակի դիրքերի փոփոխման պատճառով դատարկ են. «Այնտեղ չկան նաեւ ադրբեջանական զորախմբեր»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք այդ հենակետերը հայկական տարածքներում են, թե դելիմիտացիայի ժամանակ պետք է ճշտվի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այդ մասին հիմա խոսելը ճիշտ չէ, ակնհայտ է, որ դա մեզ համար հայկական տարածք է:Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ընթացքում մենք դա կապացուցենք եւ այդ ուղղությամբ քայլեր կանենք»:
Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանցիները այդ տարածքներից հետ են գնալու. «Հակառակ պարագայում մենք նույնպես որոշ տեղերում կարող ենք հետ չգնալ, որովհետեւ դեմարկացիան ու դելիմիտացիան վերաբերում է մի քանի երկրի, այն վերաբերում է առնվազն երկու երկրի: Յուրաքանչյուր տրամաբանություն, որ կդրվի այդ բանակցությունների մեջ, կիրառելի է երկու կողմի համար»,-ընդգծեց նա: