«Քանի որ արդեն ապրում ենք մեկ անձի որոշումների կայացման երկրում, բնականաբար ոչ մի հարցի պատասխան չենք ստանում։ Այդպես է որոշված և վերջ, ինչպես մեր հայրենիքին վերաբերող բոլոր հարցերին տրվում են պատասխաններ՝ ոնց ուզում բանակցում են, ոնց ուզում որոշում են։ Մենք մեր տանը դարձել ենք իրավազուրկ և այսօր եկել ենք այդ պահանջով, որ ամեն մեկս մեր իրավունքին տեր կանգնենք ու պահանջենք, որ այսուհետ մեզ հետ հաշվի նստեն ու հրապարակեն, թե ինչ են պատրաստվում ստորագրել». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ազատագրական շարժման հավաքի ժամանակ ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

«Մի՞թե ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ են անելու մեր հայրենիքի հետ, ինչ են տալու և ինչի հետ են համաձայնվում»,- հետաքրքվեց Կարին Տոնոյանը՝ կոչ անելով բոլորին գալ ու իրենց իրավունքին տեր կանգնել։

Հարցին, թե կառավարության շենքի մոտ հավաքն արգելելը և մեծաքանակ ոստիկաններ բերելն ինչի մասին է խոսում, Կարին Տոնոյանն ասաց.

«Սա խոսում է վախի մասին: Մենք կառավարության շենքի մոտ կանգնելով՝ նրանց աշխատանքին չէինք խանգարելու։ Աշխատանքն էլ տեսել ենք, թե ինչպիսի աշխատանք է։ Ուր էր թե աշխատանք լիներ»,- մեկնաբանեց Տոնոյանը: