«Մենք այստեղից սկսում ենք իրազեկման ակցիաները, Երևանի հիմնական բուհի մոտով շարժվելու ենք և բարձրախոսով ներկայացնելու ենք մեր օրակարգը և ավարտելու ենք հանրապետության հրապարակում շտապ հավաքով». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ հավելեով, որ ներկայացնելու են, թե ինչ է իրենից ներկայացնում ազատագրական շարժումը, թե ինչ պայքարի մեջ են, որտեղից են սկսել ու որտեղ են ուզում ավարտել:

«Ուսանողությունը հանրության ակտիվ մասն է կազմում և նրանց ճիշտ կերպով ներկայացնելով խնդիրները և օրակարգը, հնարավոր է նրանց ոտքի հանել։ Երբ ուսանողությունը ոտքի է, վստահ եղեք, որ հաջողությունը ապահովված է»,- նշեց Հոխիկյանը:

 
 

Վերջինս տեղեկացրեց, որ վարչապետի պահանջով աշխարհազորը և կամավորականները մեկնում են առաջնագիծ, սակայն նրանց չեն զինում։

«Մարդիկ հազարներով գնում են, բայց զենք չեն տալիս, ինչպե՞ս պետք է կռվեն թշնամու դեմ։ Թույլ չենք տա, որ հանրությունը մանիպուլացվի»։

Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Գյուղինստիտուտ, ԵՊՀ, Բժշկական համալսարան, քայլելու են նաև դեպի Տնտեսագիտական համալսարան, ապա Ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարան և Հայաստանի պետական մանկավարժական համալսարան։