«Մենք ցանկացած երկխոսություն ավելի բարձր ենք գնահատում, քան պատերազմն ու բախումները․ որքան էլ երկխոսությունը գերադասելի է, խնդիրն այն է՝ ինչ գնով է դա լինում։ Կտեսնենք՝ ինչպիսի ընթացք է ստանում հանդիպումը, ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվելու։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից քայլեր չեն ձեռնարկվում իրավիճակը կայունացնելու համար, ընդհակառակը՝ շարունակվում է ագրեսիվ քաղաքականությունը»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Հարցին, թե նախքան Փաշինյան-Ալիև հանդիպումը սադրիչ գործողություններ իրականացնելով ու սահմանային լարվածություն հրահրելով Ադրբեջանն ի՞նչ է ուզում հասկացնել՝ Բաբայանը պատասխանեց․ «Այդ երկիրը շատ ազնիվ թշնամի է, երբեք չի թաքցնում իր նպատակները և միշտ այն արտահայտում է տարբեր ձևերով»։
Խոսելով մի քանի օր Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին, որոնք ուղղված են Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրման դեմ, ինչպես նաև նոյեմբերի 26-ին սահմանատազում-սահմանագծում իրականացնելուն ու դրանից հետո հնարավոր սկսվելիք պատերազմի մասին՝ Բաբայանն ասաց․ «Երբ խոսում են ամսաթվերի, այսինչ օրը պատերազմ սկսելու մասին, բնական է՝ ոչ ոք չգիտի, թե որ օրն ինչ կլինի։ Արցախում լայնածավալ պատերազմի հավանականությունը շատ քիչ է՝ քանի այստեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Հայաստանի դեպքում, որպեսզի պատերազմ չլինի, պետք է ուժեղ լինել, ճիշտ քաղաքականություն վարել, եղբայրական երկրների հետ հարաբերությունները զարգացնել․ սա է գրավականը։ Ես փաստաթղթին ծանոթ չեմ, որ մասնագիտական կարծիք հայտնեմ, բայց, Արցախի համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, սա կարմիր գիծ է։ Այո, մենք ձգտում ենք կարգավորել հիմնախնդիրը՝ գոնե զեչոք հարևաններ լինելով։ Մենք երբեք չենք հրաժարվում մեր պատմական հայրենիքից․ Շուշին, Քարվաճառը, Հադրութը եղել և կմնան մերը՝ անկախ ամեն ինչից։ Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, ապա այն բարդ գործընթաց է, մեկ շաբաթվա, նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ։ Մեր ճակատագիրը բացառապես կախված է մեզանից։ Ցանկացած պարտադրանք՝ մեզ մտցնել Ադրբեջանի կազմում, ունենալու է 2 ելք՝ կամ նոր պատերազմ, կամ՝ արցախցիները դուրս են գալու ազգովի»,- նշեց նա։
Բաբայանն, անդրադառնալով Ադրբեջանի նպատակներից մեկին, որն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ն է, նշեց, թե իր համար անհասկանալի է միջանցք ձևակերպումը․ «Ի՞նչ է նշանակում միջանցք․․․ եթե խոսում ենք ապաշրջափակման, կոմունիկացիաների բացման մասին՝ ճանապարհը միջանցք չի դառնում, չէ՞։ Այսինքն, եթե վաղը Ադրբեջանի տարածքով Հայաստանը փորձի կապ հաստատել օրինակ՝ Վրաստանի կամ Ռուսաստանի հետ, ինչ է՝ այդ ճանապարհը պետք է դառնա միջա՞նցք, իհարկե, ոչ։ Եթե մեզ համար միջանցք չի դառնում՝ իրենց համար ո՞նց պետք է դառնա։ Ճանապարհը մի բան է, միջանցքը՝ այլ բան։ Ճանապարհը, խնդրեմ, թող օգտագործեն, մենք էլ՝ իրենցը։ Թող գնան-գան՝ ինչպես մյուս երկրներում։ Օրինակ՝ Ֆրանսիայի տարածքով Գերմանիան գնում է Իսպանիա, ինչ է, միջա՞նք է ուզում»,- ասաց Բաբայանը՝ եզրափակելով, որ ճանապարհներն ու միջանցները տարբեր երևույթներ են։
Սոնա Հարությունյան