Ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանը ձեռք է բերել «Պեգասուս» լրտեսող ծրագիր, որով գաղտնալսումներ են իրականացվում։ Այսօր արդեն լուրեր տարածվեցին, որ Հայաստանում առնվազն 2 մարդ Apple-ից նախազգուշացնող նամակ է ստացել, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանեց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Պեգասուս» համակարգը։

«Այսօրվա դրությամբ հեռախոսային ամենավատ վիրուսներից է, որը կարող է շատ աննկատ ներթափանցել։ Այսինքն, այն հեշտությամբ և անկախ բջջայինի տիրոջ գիտության կարող է վարակել հեռախոսը։ Օրինակ, Վաթսափով զանգ ստանալիս դրան նույնիսկ չպատասխանելով հնարավոր է վարակել հեռախոսը, կամ անծանոթ մարդուց գիֆ ստանալիս բացել, նայել և վարակել հեռախոսը»,- նշեց նա: 

 
 

Նրա խոսքով՝ «Պեգասուս»-ը բարդ վիրուս է, որից խուսափելու միակ միջոցը հեռախոսն անընդհատ թարմացնելն է։ Ըստ փորձագետի՝ հասարակ մարդկանց հեռախոսներն այդ վիրուսով չեն վարակում, քանի որ այն թանկ հաճույք է․ «Պատերազմի ժամանակ Ադրբեջանն այն օգտագործել է մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, զինվորականներին գատնալսելու համար, բայց երբ հեռախոսը թարմ է եղել, չի հաջողվել վարակել։ Այժմ Apple-ը նոր ծանուցումներ է ուղարկել, ես առնվազն չորս նամակի մասին գիտեմ, այդ մարդկանց ցանկից շատ դժվար է ասել՝ ով է պատվիրատուն, որովհետև և քաղաքական և հանրային դեմքեր են, միայն գիտենք, որ պետություն է, բայց որ պետությունն է՝ չգիտենք»,- ասաց փորձագետը: 

Նա նշեց, որ Pegasus ծրագիրն արտադրում է իսրայելական NSO Group-ը, որը պաշտոնապես այն վաճառում է պետական կառույցներին՝ ահաբեկիչներին, հանցագործներին, երկրի անվտանգությանը վտանգ սպառնացող անձանց հետևելու համար․ «Վերջերս արտահոսք եղավ այն մասին, որ համակարգն օգտագործում են օրինակ լրագրողներին և ընդդիմադիրներին հետևելու համար: Այդ երկրների ցանկում են նաև Ադրբեջանը, Թուրքիան, որոնք հետևել են իրենց լրագրողներին, ինչը լուրջ սկանդալ է առաջացրել, որի համար այժմ Apple-ը NSO-ի հետ դատվում է՝ քրեական գործերով օգտագործելու համար»,- մանրամասնեց Մարտիրոսյանը։

Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ․com-ը գրել էր, որ Հայաստանում «Պեգասուս» ծրագրով գաղտնալսում են իրականացնում։ Այնուհետև, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ այդ անձանցից մեկը ինքն է։

Սոնա Հարությունյան