Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական երկխոսությունը կայուն կարգավորման կարող է հանգեցնել։ Այս մասին «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր։ Դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան։ ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դերը հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման գործում։ Սա ներառում է վստահության ամրապնդում եւ կայուն ու համապարփակ կարգավորման խթանում, ներառյալ հետկոնֆլիկտային վերակառուցման միջոցառումների աջակցությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաեւ կպահանջի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու եւ հաշտեցման ջանքերի օժանդակություն»,- նշել է նա: