Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը մեղմացել է, սակայն դա չի նշանակում, որ զգոնությունը պետք է թուլացնել, աշխարհում հայտնաբերվել է «օմիկրոն» անվանմամբ նոր շտամ:
Դեկտեմբերի 2-ին Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեք, որ նոր շտամ է հայտնաբերվել «օմիկրոն» անվանմամբ, որը դեռևս Հայաստանում չկա: Այդ շտամով վարակված որևէ քաղաքացի չկա, բայց դեռևս հստակ չէ, թե այս շտամը ինչ ազդեցություններ կարող է ունենալ մարդկանց վրա, մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե դրա նկատմամբ պատվաստանյութի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետևաբար, առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը որևէ կերպ մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»,- ասաց Փաշինյանը:
Երկրի ղեկավարը որոշակի շոշափելի արդյունքներ է նկատել պատվաստում ստացած քաղաքացիների շրջանում:
«Ես հենվում եմ երկրորդ չափաբաժնի թվերի վրա, որովհետև արդեն մենք շոշափելի և էական թիվ ունենք երկու պատվաստում ստացած քաղաքացիների, 480 հազար շեմը հատել ենք և հասնում ենք 500 հազարի: Բացի շաբաթ-կիրակի օրերից, մեզ հաջողվում է 20 հազարից ավելի պատվաստումներ իրականացնել: Հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»,- եզրափակեց Փաշինյանը: