«TikTok» սոցիալական ցանցից հայտնի՝ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում կես կատակ, կես լուրջ նոր ռեֆորմ մտահղացավ. հարցին՝ օրինակ, չի՞ պատրաստվում սիգի անօրինական որսը նկարահանել ու «TikTok»-ում ցուցադրել ու ասել, որ չպետք է նման բաներ անել, փոխնախարարը պատասխանեց, որ լրագրողը հետաքրքիր ռեֆորմ է առաջարկում։
Հուսանք, իհարկե, փոխնախարարը կատակ էր անում, սակայն, ինչպես ասում են՝ վստահ լինել չենք կարող' հաշվի առնելով հայրենի պաշտոնյաների ափերից դուրս հորդացող կրեատիվը: Չենք զարմանա, եթե պարզվի, որ ոլորտից, մեղմ ասած, հեռու Գաբրիելյանը ռեֆորմները հենց հայտնի սոցցանցում զվարճանալու տեսքով էլ պատկերացնում է: Չենք զարմանա, սակայն կտխրենք, քանի որ ապօրինի ձկնորսությունն այն խնդիրներից է, որը պահանջում է շատ ավելի լուրջ և համակարգային լուծում: Պարզապես, երբ պաշտոնյան կիլոմետրերով հեռու է ոլորտից, վերջինիս խնդիրներից, դժվար թե տիրապետի այդ համակարգային լուծման բանալիներին, ճիշտը՝ փորձված տարբերակն է, դիտումներ էլ եթե լինեն՝ չի խանգարի, ի վերջո պաշտոնը հո հավերժ չէ' ի տարբերություն տիկտոկյան փառքի:
Փոխնախարարը գուցե տեղյակ չէ, սակայն, նման դեպքերը հիմա էլ են նկարվում և տարածվում սոցիալական հարթակներում, այլ հարց է, որ պատկան մարմինները նման դեպքերի հետևից գնալու և մատը մատին խփելու փոխարեն զբաղված են թիթեռ նկարելով և նմանը չունեցող չնաշխարհիկ ռեֆորմներ ծնելով: Ինչպես ասում են՝ պաշտոնյային կարող ես հանել Տիկ-Տոկից, իսկ Տիկ-Տոկը պաշտոնյայի մեջից՝ ոչ: