Գավառ խոշորացված համայնքում առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 9869 ընտրող կամ 54%-ը։ ՔՊ-ն Գավառում ստացել է 7586, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 1402 ձայն։ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Գավառի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Մարտիրոսյանն է, որը «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածուն է։ Դաշինքի մասին հանրությունն իմացավ այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեց բեմահարթակից բղավող և մեծ էնտուզիազմով հանդես եկող կնոջ ելույթը։ Հայտնի դարձավ, որ նա «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքով ավագանու թեկնածու առաջադրված Անի Պետոյանն է։
Վերջինիս մասնակցությամբ հոլովակը դարձել է համացանցի հիթ՝ մեծ տարածում գտնելով անգամ Տիկ-Տոկի հումորասերների շրջանում։ Ավելին՝ Անի Պետոյանը դրանցից մեկը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ մակագրելով․ «Ֆանագրամա անԴեր»։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը, նա 2018-2020թթ. եղել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի տեղակալը, իսկ մինչ իշխանափոխությունը՝ 2016-2018թթ․ եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ավագանու անդամ, 2017թ. փետրվար-մայիս՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչ: Իսկ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն Լավրիկ Արևշատյանն է, որը 2005 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 11 մանդատ, իսկ «Մեր համայնքը» խմբակցությունը 2 մանդատ։