Հայաստանյան մի շարք պաշտոնյաներ տարբեր առիթներով հայտնվել են հանրության բուռն քննադատության տակ, վերջիններիս նույնիսկ մազ է բաժանել հրաժարականից, սակայն, նրանք նախընտրել են ամեն գնով՝ տարատեսակ կրուտիտներով, արդարացումներով դուրս գալ իրավիճակից և կառչած մնալ սեփական պաշտոնից:
Ի տարբերություն հայ պաշտոնյաների' նրանց արտասահմանյան կոլեգաների մոտ «դուխ» ասվածը միայն դեկլարատիվ բնույթ չի կրում: Դիցուք՝ ընդամենը ամիսներ առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Լյուբչենկոն: Պատճառը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշների բավական դանդաղ աճն է այս հետխորհրդային երկրում:
Իտալիայի էկոնոմիկայի նախարար Դոմինիկո Սինիսկալկոն հրաժարական էր ներկայացրել՝ կառավարության տնտեսական քաղաքականության և բյուջեի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով:
Հունաստանի էկոնոմիկայի նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարակին դիմում էր ներկայացրել, որպեսզի իր անձով պայմանավորված դժվարություններ չստեղծվեն միջազգային վարկեր ներգրավելու ընթացքում:
Իսրայելի էկոնոմիկայի նախարար Արիե Դերին հրաժարական էր ներկայացրել' պատճառաբանելով, որ չի հաջողվում լուծել կառավարության հետ առկա հակասությունը՝ գազային պրոյեկտի մասով:
Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Յուկո Օբուտին հրաժարական էր տվել իր անձի հետ կապված սկանդալի ֆոնին, որն էլ իր հերթին կապված էր երկու կառավարական ֆոնդերում հայտնաբերված չարաշահումների հետ:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հրաժարական էր ներկայացրել կոռուպցիոն սկանդալից հետո: Սկանդալը ծագել էր վերջինիս որդու անվան շուրջ՝ գնումների ընթացքում կաշառք ստանալուց հետո:
Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկն էլ հրաժարական էր ներկայացրել՝ «Սպուտնիկ» պատվաստանյութի հետ կապված սկանդալից հետո: Նա անհաջող կատակել էր, որ այդ պատվաստանյութի դիմաց ՌԴ-ին է խոստացել ուկրաինական անդր-կարպատները: Դրանից հետո առաջացած միջազգային սկանդալը պաշտոնյային ստիպեց հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոնին:
Այժմ գանք Հայաստան. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստացել էր տարվա ավարտին հրաժարական տալ, եթե չարձանագրվի երկնիշ տնտեսական աճ, այնուհետև նա հայտարարեց, որ իրեն սխալ են հասկացել: Բոլորս հիշում ենք, որ հայկական կողմը փաստացի չկարողացավ հերքել այն տեղեկությունը, որ Իրան մեկնած պատվիրակության ղեկավար Քերոբյանն այնտեղ ոչ սթափ վիճակում է գտնվել, ինչը, բախտի բերմամբ, միայն չվերաճեց միջազգային սկանդալի: Բոլորը հիշում են նախարար սկանդալային գրառումը, որ խոպան գնացածներին պետք է բերման ենթարկել, ինչից հետո Քերոբյանը ստիպված էր ասել, որ անհաջող կատակ է արել: Դրանից հետո՝ հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորներին Քերոբյանն անվանեց «մեռած երեխեք»' թերևս մոռանալով իր կարգավիճակը և այն, որ այդ կարգավիճակում ավելորդ չէ ընտրել նաև խոսելու ոճը: Քերոբյանին արժե հիշեցնել, որ մեռածը մեր տնտեսությունն է, իսկ հազարավոր տղաները, որ իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի և Արցախի, նահատակված հերոսներ են:
Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի մոտ խոսքն ու գործը չի համընկնում, սակայն, ի տարբերություն իր միջազգային գործընկերների, հրաժարական տալու «դուխն» ակնհայտորեն պակասում է: