Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանություն է բերման ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ապա ձերբակալվել քննիչի որչոշմամբ։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սամսոնյանի դեմ հաղորդում է տրվել հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով և նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր վիրավորանքի համար։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հաստատեց տեղեկությունը, որ ինքն է Նարեկ Սամսոնյանի դեմ դիմում ներկայացրել դատախազություն, որից հետո այն ուղարկվել է ոստիկանություն։ Նրա խոսքով՝ դեռևս շաբաթներ առաջ Նարեկ Սամսոնյանն իր հասցեին հրապարակային ծանր բնույթի վիրավորանք է հասցրել․ «Փորձել եմ գտնել հաշտության եզրեր, որպեսզի հրապարակային կերպով զղջա իր հրապարակային վիրավորանքի համար, սակայն դա տեղի չի ունեցել, որից հետո ես հաղորդում եմ ներկայացրել ծանր վիրավորանք ստանալու համար։ Արդյունքում հարուցվել է քրեական գործ և այդ մասին տեղեկանալուց հետո Նարեկ Սամսոնյանը շարունակել է ավելի ծանր բնույթի հայհոյաքներ անել իր ֆեյսբուքյան պատին՝ ավելի բարդացնելով վիճակը, ինչի հետևանքով հոդվածը ծանրացել է, որի համար նրան կարող է սպառնալ 3-ամսյա ազատազրկում»,- ասաց Խաժակյանը՝ նշելով, որ հայհոյախոսները պետք է պատժվեն։
Թեև «ծանր վիրավորանքի» հոդվածը իշխանության նախաձեռնությունն է, սակայն Խաժակյանը կարծում է՝ այն պետք է կիրառվի թե ընդդիմությանը, թե իշխանությանը հայհոյողների նկատմամբ․ «Այս դեպքում ընդդիմության հասցեին հնչել է հայհոյանք, որի համար ես օգտվել եմ իմ իրավունքից և հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ Ես ուշադիր հետևելու եմ՝ ինչպես է իշխանությունը ապահովելու հավասարությունը՝ իշխանությանը հայհոյողների և ընդդիմությանը հայհոյողների նկատմամբ։ Փաստացի ինձ՝ որպես ընդդիմության ներկայացուցչի, հնչել է հայհոյանք և իրավապահները պետք է քննեն գործը»,- նշեց նա։
Նշենք, որ Քրեական օրենսգրքում ամիսներ առաջ ավելացվեց 137.1՝ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։ Նկատենք, որ դրանք հիմնականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին սոցիալական ցանցերում կատարված գրառումների փաստերով են, որոնցում, իրավապահների գնահատմամբ, վիրավորական արտահայտություններ կան։
Սոնա Հարությունյան