Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգում եղել է դեռևս 2019 թվականից, մենք ունեցել ենք օրակարգ, որը իրագործել հաջողվել է միայն այս պահին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը՝ նշելով, որ չի ցանկանում այս համատեքստում օգտագործվի ««ԲՀԿ-ն» միացել է «Իմ քայլին»» արտահայտությունը:
Խոսելով Հայկ Մարությանի հրաժարականը պահանջելու պատճառներից, Միքայել Մանրիկյանն ասաց, որ դրանք շատ են. «Պրն Ծառուկյանը, ինչպես Աբովյանում էր երիտասարդների համար բնակարաններ կառուցել, այնպես էլ նույնը ցանկանում էր անել Երևանում, սակայն դիմել էր քաղաքապետարան, որ հող հատկացվեր, այնտեղից ասել էին՝ հող չունենք: Բայց այն հողը, որը մատնանշվել էր, աճուրդում 5 ամիս հետո վաճառվել էր»,-պատմեց Երևանի ավագանու անդամը:
Վերջինս նշեց, որ ԲՀԿ-ի և «Իմ քայլի» օրակարգերը տարբեր են. «Մեր տեսակետերը համընկնում են միայն Մարությանի հրաժարականի մասով»,- ընդգծեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք արդեն ունեն քաղաքապետի թեկնածու, Միքայել Մանրիկյանն ասաց, որ ոչ և չեն էլ առաջադրի իրենց թեկնածուին. «Մեծամասնությունը կազմում է «Իմ քայլը» խմբակցությունը և եթե մեր թիմից առաջադրենք էլ ինչ-որ մեկին, միևնույն է, «Իմ քայլի» առաջադրած թեկնածուն է անցնելու, այդ պատճառով ոչ մեկին չենք առաջադրի»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք իրատեսական են և ամեն ինչին ռեալ են նայում:
Հավելենք, որ Հայկ Մարությանի իմպիչմենտի համար անհրաժեշտ է 33 ստորագրություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանությանը պատկանող կայքում հոդված էր հրապարակվել Հայկ Մարությանի դեմ, որում ասվում էր՝ պատերազմից հետո Մարությանը փորձել է իրեն առանձնացնել Փաշինյանի թիմից և հանդիպումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։
Այդ հրապարակմանը հաջորդեց Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված Հայկ Մարությանի իմպիչմենտի համար ստորագրահավաքը: Նշենք, որ այս պահի դրությամբ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին է միացել իշխող խմբակցության անդամներից զգալի մասը, բացառությամբ մի քանիսի, ԲՀԿ-ն, ինչպես նաև «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Զվարթ Պետրոսյան