Կան մի շարք ռազմական քարտեզներ, մի մասը հաստատված է Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից, խոսքը 1926 թվականի քարտեզի մասին է, որից հետո եղել են մի շարք վերաձեւումներ, որոնք, ըստ էության, չեն էլ հաստատվել, այլ եղել են ավելի ցածր մակարդակում, եւ վերջինը 1974-ի ռազմական քարտեզն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:

Նրա խոսքով' այդ ռազմական քարտեզում բլրակների մակարդակով նշվում է սահմանը, եւ դա վերջին քարտեզն է. «Ընթացքում փոփոխություններ եղել են, բայց ոչ ամեն տեղ: Օրինակ, Ալ լճերի շրջանում փոփոխությու եղել է, Տավուշում փոփոխություններ եղել են, բայց դրանք եղել են կոլխոզների մակարդակում:

Մենք հիմք ընդունում ենք 1926 թվականի քարտեզը: Բայց մենք ոչ բոլոր փաստաթղթերին համապատասխան քարտեզներն ունենք: Կան բազմաթիվ քարտեզներ, որոնք մենք չունենք, ոչ էլ Ադրբեջանն ունի, այլ ունի ՌԴ գլխավոր շտաբը, և Ռուսաստանն առաջարկել է դրանով առաջ շարժվել: Դեմարկացիան ու դելիմիտացիան շատ բան կարող է փոխել:

Այս պահին իրավիճակը կայունացնելու համար մեզ առաջարկվեց այս քարտեզը, որը ԳՇ կողմից վերջին հաստատված քարտեզն է՝ 1974 թվականի»,-ասաց նա: