Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, հայտնել էր, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող, ռազմի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար, տեղաշարժը առավել հարմարավետ դարձնելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպության և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ բազմաբնակարան շենքերում կառուցվում են թեքահարթակներ։

Թվում էր, թե հասարակությունը պետք է իր գոհունակությունը հայտներ ռազմի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների նկատմամբ այսչափ հոգատար և ուշադիր լինելու համար, սակայն պատկերն բոլորովին այլ էր: Բանն այն է, որ համացանցում տարածված թեքահարթակների լուսանկարներից հետո, որոշ մասնագետներ սկսեցին բարձրաձայնել դրա վտանգավոր լինելու մասին: Քաղաքացիներն էլ իրենց հերթին շարունակում են զարմացած մնալ, թե ինչպես կարելի է գործնականում կիրառել դրանք: Ստացվում է՝ թեքահարթակները ոչ թե հեշտացնում են հաշմանդամություն ունեցող տղաների տեղաշարժը, այլ ընդհակառակը՝ իրենց առողջությունը դնում վտանգի տակ: 

Ի դեպ, նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից քիչ առաջ հեռացրին իրենց գրառումը և թեքահարթակների լուսանկարները:

 
 

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ուինսոն» հաշմանդամություն ունեցողների աջակցության և նրանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ, որը նշեց՝ ցանկացած աստիճանի վրա թեքահարթակ կամ 2 փայտ դնելը, ի սկզբանե սխալ է. դա կիրառելի չէ. «Այն կարող է կիրառելի լինել միայն ինչ-որ ճամպրուկ բարձրացնելու համար, բայց մարդիկ, օգտվելով այս տեսակ թեքահարթակներից, կարող են բավականին լուրջ վնասվածքներ ստանալ՝ ոչ միայն հաշմանդամություն ունեցողները, այլ նաև նրանց օգնողները»,- նշեց ՀԿ գործադիր տնօրենը:

Վերջինս նկատեց, որ թեքահարթակը կառուցելիս խախտվել է շատ կարևոր մի նորմատիվ, որին անգամ ամենաանփորձ մասնագետն էլ տեղյակ է. «Կա մի այսպիսի պարզ նորմատիվ՝ ունե՛ք 10 մ բարձրության խոչընդոտ, բազմապատկե՛ք 10-ով, այդքան երկարությամբ թեքահարթակ պետք է լինի, այսինքն՝ ընդամենը 10 սմ «բորդյուր»-ի համար անհրաժեշտ է մեկ մետր թեքահարթակ, իհարկե, ոչ միշտ է սա պահպանվում, բայց այստեղ 5, գուցե, ավել անգամ խախտվել է այդ նորմատիվը, գոնե թող 2 անգամ ասյտեղ դա խախտվեր...»,- ասաց նա՝ հավելելով, որ կարող էին գտնել այլ տարբերակներ, որոնք, հնարավոր է, մի փոքր ավելի թանկ արժենային, բայց գոնե կիրառելի կլինեին:

Նրա կարծիքով՝ այն ռեսուրսները, որոնք ծախսվել են նմանատիպ թեքահարթակների կառուցման համար, չեն ծառայել իրենց նպատակին, տվյալ պարագայում դրանց անհրաժեշտությունը, բնավ, չկա. «Ռեսուրսը արդյունավետ օգտագործելու համար կարող էին խորհուրդ վերցնել հմուտ մասնագետից, որը ոչ մի պարագայում թույլ չէր տա դրանց կառուցումը, որոնցից օգտվելու համար շատ ուժեղ 2 հոգի անհրաժեշտ կլինի, իսկ այդ դեպքում թեքահարթակի իմաստը էլ ո՞րն է»,- ընդգծեց Արմեն Ալավերդյանը: 

 

Մեր զրուցակիցն ասաց, որ վերջին շրջանում, կարծես թե, «թրենդային» է դարձել թեքահարթակներ կառուցելը. «Լավ  է, որ կա ցանկություն մեր զինվորների կյանքի պայմանները բարելավելու և, բնականաբար, դա պետության պարտավորությունն է, բայց վատ է, որ, ըստ նպատակի, դրանք չեն ծառայի»,- եզրափակեց նա:

 

Զվարթ Պետրոսյան