Օմիկրոն շտամն ունի միտում՝ առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Օմիկրոնի հիմնական ախտանշաններն են կոկորդի ցավը, քթից արտահոսքը, չոր հազն ու գոտկատեղի ցավը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ Օմիկրոն տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են՝ նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով:

Մասնագետները նշում են, որ Օմիկրոնից պաշտպանության հարցում բավականին լավ է աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: Ուստի, առողջապահության նախարարությունը կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները: