Հեղափոխության արժեքներ դավանող և հպարտ քաղաքացիների կյանքը թեթևացնելու խոստումներով իշխանության եկած պաշտոնյաները մեկը մյուսի հետևից ընդունում են ոչ ժողովրդահաճո և քաղաքացիների գրպանին խփող, ասել է թե՝ վերջիններիս սոցիալական վիճակն էլ ավելի վատթարացնող որոշումներ:

Այս առումով ռեկորդակիրն, ինչ խոսք, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է: Առողջապահության նախարարը հրաման էր արձակել, որով նախատեսվում է գրանցված այն աշխատողներին, ովքեր չեն համաձայնվում պատվաստվել, պարտադրել շաբաթը մեկ անգամ սեփական գրպանի հաշվին թեստ անել: Այսինքն՝ պետական ծառայողները, որոնց աշխատավարձը չի բարձրացել, ստիպված են լինելու կա՛մ պատվաստվել, կա՛մ շաբաթական 30 հազար դրամ ծախսել թեստավորման վրա:

Սա առողջապահության նախարարության միակ նվերը չէ քաղաքացիներին, որ արձանագրվել է հեղափոխությունից հետո: 2020 թվականի հունվարից առաջնային բուժսպասարկման հաստատություններում ներդրվել են նոր ծառայություններ, որոնք քաղաքացիներին ավելորդ թղթաբանություններից զերծ պահելու համար են, բայց այս փոփոխությանը զուգահեռ, առողջապահության նախարարությունը կասեցրել է պոլիկլինիկաներում մինչ այս անվճար մատուցվող որոշ բուժծառայությունների ֆինանսավորումը: Նախարարի հրամանով տուգանվում էին նաև դիմակ չկրող քաղաքացիները և այդ հիմքով կազմվել է շուրջ 2.5  միլիոն դոլարի արձանագրություն:

Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես հասցրել է իր ավանդը ներդնել այս հարցում:  Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի եւ տուրքերի, բարձրացրեց նաեւ աղբահանության համար գանձվող վճարը:

Բացի այդ՝ կառավարության որոշմամբ պանդեմիայի ամենաթեժ պահին ներդրվեց գույքահարկը, որը դժվար թե նպաստի քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:

ԱԺ կողմից ընդունված բալային համակարգի մասին օրենքը նույնպես լրացուցիչ բեռ դարձավ վարորդների համար:

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ դրեց օրենքի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ 

Սահմանային շերտում լուսանկարահանումներ իրականացնելու համար «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ առաջարկում էր սահմանել շուրջ 300 հազար դրամի տուգանք:

Ֆինանսների նախարարության թեթև ձեռքով էլ Հայաստանում թե՛ ցածր, թե՛ բարձր աշխատավարձ ստացողները վճարելու են համահարթ՝ 23 տոկոս եկամտահարկ:

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի թեթև ձեռամբ օրենքի ուժ ստացավ ԶԼՄ-ին՝ ոչ նույնականացված աղբյուրներին հղելու համար տուգանելու նախագիծը:

Ինչպես տեսնում ենք՝ իշխանությունները քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, նրանց հարկային բեռը թեթևացնելու փոխարեն գնում են այլ ճանապարհով՝ վերջիններիս դիտարկելով իբրև իսկական տուգանքի մատերիալ...