Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն զանգահարել է իսրայելցի պաշտոնակցին՝ Յաիր Լապիդին։ Սա երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների առաջին հեռախոսազրույցն է 13 տարվա ընթացքում, գրում է Jpost-ը։
Իսրայելը հայտարարել է, որ Չավուշօղլուն զանգահարել է, որպեսզի Լապիդին ամենայն բարիք ցանկանա COVID-19-ի դրական թեստից հետո։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չի տեղեկացրել զրույցի մասին։
Լապիդը, սակայն, արդեն ապաքինվել է COVID-19-ից եւ դուրս եկել մեկուսացումից։
Զանգը կատարվել է Իսրայելի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարյացակամ վերաբերմունքի արտահայտումից մի քանի օր հետո։
Էրդողանը երեքշաբթի օրվա մամուլի ասուլիսում հիշատակել էր, որ կարող է հանդիպել նախագահ Իսահակ Հերցոգի հետ, եւ ասել, որ վարչապետ Նաֆթալի Բենեթը «հաղորդագրություններ է ուղարկում տարբեր մակարդակներով»։ Էրդողանը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Իսրայելի հետ Թուրքիայով դեպի Եվրոպա գազատարի ուղղությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Հունաստանին, Իսրայելին եւ Կիպրոսին հայտարարեց, որ չի ողջունում EastMed գազատարի կառուցման նրանց համատեղ պլանը։
Աղբյուրը Երուսաղեմում հաստատել է, որ բանակցություններ են վարվում Թուրքիա Հերցոգի այցի մասին։ Աղբյուրն ընդգծել է, որ Երուսաղեմ-Անկարա հարաբերությունների բարելավումը տեղի կունենա ոչ ի հաշիվ Հունաստանի եւ Կիպրոսի հետ Իսրայելի դաշինքի, որոնք Թուրքիայի պատմական հակառակորդներն են։