Ակցիա կազմակերպելու համար պարտադիր չէ, որ մարդը զայրացած լինի, պարզապես, կարող է որևէ հարցի հետ համաձայն չլինել: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ ակցիա իրականացնող վարորդներից մեկը՝ Սևան Պետրոսյանը:
Նա նշեց, որ նախկինում իր մեքենայի համար տարեկան ԱՊՊԱ-ն կազմել է 31 հազար դրամ, նոր ընդունված օրենքով՝ տարեկան թանկանում է 3 հազար դրամով, սակայն Սևան Պետրոսյանին այդ 3 հազար դրամը չէ, որ մտահոգում է. «Եկեք պատկերացնենք, որ օրինակ վթար է լինում իմ մեղավորությամբ և հարվածում եմ թանկարժեք մի մեքենայի ԱՊՊԱ-ն 300 տոկոս թանկանում է, բա հետո՞. այստեղ է իմ անհամաձայնությունը»,- ասաց ակցիա իրականացնողը՝ հավելելով, որ բացասաբար է որակում այդ որոշումը:
Վերջինս ընդգծեց, որ շատ մարդիկ մեքենա գնելիս հարմարվում են իրենց գրպանին, որ քիչ ԱՊՊԱ և գույքահարկ մուծեն, և այս դեպքում նա էլ իմաստ չի տեսնում մեքենա գնելու:
Սևան Պետրոսյանը նշեց, որ որևէ մեկից ակնկալիք չունի, ակցիային մասնակցելով, հայտնում է իր անհամաձայնությունը:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանները արձանագրություն են կազմել՝ հիմք ընդունելով իր անհարկի երթևեկությունը, տուգանքի չափը կազմել է 5 հազար դրամ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 31-ին, ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հանրապետության հրապարակում: Նրանք ազդանշան տալով պտտվում են Հանրապետության հրապարակում:
Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից: