Այսօր ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներից մեկն է ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագիծը դիահերձման ախտաբանաանատոմիական ծառայության մասին է: Առաջարկում են, որ ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվեն բժշկական հաստատություններին կից ստորաբաժանումներում: Գործող օրենքով այդ ծառայությունները մատուցում էին այլ կազմակերպություններ եւս:
Դիցուք, ինչ է սա նշանակում. ըստ էության, նախագծով գործող մասնավոր կազմակերպությունների լիցենզիաները հետ են կանչվելու և դիահերձումները իրականացվելու են միայն բժշկական հաստատություններին կից ստորաբաժանումներում: Թե որքանով է սա լուծելու ոլորտում առկա հարցերը և նպաստելու անհարկի դիահերձումների թվի նվազմանը՝ հասկանալի չէ, օրենքի հեղինակները վստահ են, որ այս փոփոխությունները շատ կարեւոր են ու թույլ կտան ախտաբանաանատոմիական ծառայությունը դիտարկել ընդհանուր հիվանդանոցային ծառայության համատեքստում եւ մահվան վերջնական ախտորոշման առավել ճշգրիտ պատկեր ունենալ:
Այդպես կլինի, թե ոչ՝ դժվար է ասել, փոխարենը հայտնի է, թե ով կարող է շահել: ԲԿ-ի սեփականատերերը բնավ էլ պատահական մարդիկ չեն՝ Սամվել Ալեքսանյանից մինչև Արկադի Համբարձումյան, և բնական է, որ այս օրինագիծը նպաստելու է նրան, որ գումարային բավական մեծ ներհոսք է ապահովվելու վերը նշված անձանց՝ և ոչ միայն նրանց պատկանող ԲԿ-ներ: Ասել է թե՝ ՔՊ-ում ժողովրդի խնդիրները թողած' լծվել են օլիգարխների բիզնեսները ծաղկեցնելու գործին: