Ֆրանսահայ, ֆրանսիացի և հայաստանցի մի շարք մտավորականներ, գործիչներ հայտարարություն են տարածել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարի, Հայ Դատից հրաժարվելու ՀՀ քաղաքականության վերաբերյալ։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Մենք՝ լինելով ֆրանսահայ, հայաստանցի կամ Հայ Դատի բարեկամ, 2020 թվականին տագնապով հետևում էինք Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որը տեղի ունեցավ Արևմուտքի անտարբեր հայացքի ներքո։
Այսօր մենք բացահայտորեն ականատես ենք Արևմուտքի ժողովրդավարությունների վախվորած հակազդեցությանը, որ անկարող եղավ ինքնորոշված մի ազգի ապրելու իրավունքը պաշտպանելու և Բաքվի բռնապետի բազմաքանակ ու գերզինված բանակի հարձակումը կասեցնելու։ Այն անկարող գտվեց նաև արգելել իր իսկ դաշնակցին՝ Թուրքիային՝ վարձելու հազարավոր ջիհադիստներ ու մասնակցելու հարձակմանը ՝ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիայով ու թուրքական գենշտաբի հրամանտարության օգնությամբ։ Մենք խորապես ափսոսում ենք, որ Ֆրանսիան չվավերացրեց Ազգային ժողովի ու Ծերակույտի որոշումները ու չճանաչեց Արցախի Հանրապետությունը, ինչը կհանդիսանար արցախահայության գոյատևման առաջին միջազգային իրավունքը։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունը միակ պետությունն է, որը եռակողմ պայմանավորվածության շրջանակում, ապահովում է Արցախի և իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների պահպանումն ազատ մնացած տարածքներում։
Սակայն, այսուհետ մենք անհանգստացած ենք նաև Հայաստանի քաղաքական իրավիճակով։ Նոյեմբերի իննից ի վեր, Ադրբեջանը թեժ ճակատամարտը փոխարինել է մաշեցնող պատերազմով՝ խաղաղ բնակիչներին կամ հայ զինվորներին սպանելով, ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ բռնազավթելով ու ռազմագերիներին շանտաժի առարկա դարձնելով։
Բաքվի բռնապետի ու թուրքերի նպատակը մեկն է՝ առերևույթ խաղաղության քողի տակ հասնել նրան, ինչին պատերազմով հնարավոր չեղավ, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից, իր իսկ հարավային ինքնիշխան տարածքից և ցեղասպանության պահանջատիրութունից։ Նրանց գործը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ « ադրբեջանական Արցախի » մասին, և այն ստահոդ պնդումը , թե « Հայ Դատը Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը չի եղել », ցույց են տալիս, որ Բաքուն և Անկարան մոտենում են իրենց նպատակին։ Հայաստանի իշխանությունների կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելքի վերացումը , ընդդիմադիր գործիչներին բանտարկելը, հանգեցնում են մի բանի․ հարևան ավտորիտար ռեժիմներին զիջելով՝ Հայաստանը իրեն դնում է նրանց նմանվելու վտանգի տակ։
Ելնելով այս չափազանց վտանգավոր իրավիճակից՝ մենք բարձրաձայնում ենք, որ Հայաստանը այն հազվադեպ երկրներից է, որի ճակատագիրը միայն իրեն չէ, որ պատկանում է։ Այն բացառապես իրենը չէ։ Պատմությունը մեզ պարտավորեցնում է․ Սփյուռքով այն դուրս է գալիս իր սահմաններից։ Հայաստանի վարչապետը կամ որև մեկը առհասարակ իրավունք չունի որոշելու Արցախի քաղաքական պատկանելությունը․ այդ իրավունքը պատկանում է միայն արցախահայությանը։ Այդ իրավունքը արտացոլված է Արցախի Ազգային ժողովի՝ « Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգների ու մարտահրավերիների վերաբերյալ » հայտարարության մեջ ։
Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ մեկը իրավունք չունի Թուրքիայի կատարած ցեղասպանության կարևորությունը նսեմացնել և կասկածի տակ դնել հայ ժողովրդի կյանքի մեջ դրա այժմեականությունը։ Թուրքիան այսօր էլ համառորեն հավատարիմ է այդ ոճրագործության ժառանգությանը։ Պատմաբանները, որոնց մասին Թուրքիան նշում է, վաղուց են որոշել, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի Մեծ Եղեռնի հետևանքների համար և բարոյապես ու նյութապես հատուցի հայությանը ։
Ցեղասպանությունը միջազգային իրավունքի կողմից ձևակերպում ստացած հանցագործություն է մարդկության դեմ և մեզ բոլորիս է վերաբերում ու նաև պարտավորեցնում։ Այն ոչ մի պարագայում չի՛ կարող հանձնվել փորձագետների կոմիտեի դատին , զոհաբերվել ձևական հաշտեցման խորանին կամ ջնջվել միայն Հայաստանի վրա գործադրվող ճնշումների տակ։
Մանավանդ, որ Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը կհանգեցնի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության, ինչի մասին վկայում է Բաքվի կողմից Արցախի տարածքում իրականացվող էթնիկական բնաջնջումը ։ Արցախի դեմ իրականացվող ոճրագործությունները արդյունք են Արցախի՝ չճանաչված լինելու։ Այն պարզապես հայության ցեղասպանության շարունակությունն է։
Մենք գիտենք, որ հայերը չափազանց մեծ գին են վճարել այս պատերազմի, ինչպես նաև այն պատերազմական վիճակների համար, որ իրենց պարտադրել են ադրբեջանցիները՝ թշնամական քաղաքականությամբ։
Մենք ցավով ու հարգանքով ենք ըմբռնում այն անսահման ծանր զոհողությունները, որոնք պարտադրվել են հայ ժողովրդին, հասկանում ենք նրանց վիշտը և թևաթափ լինելը։ Բայց գիտենք նաև, որ նրանց կողմից ցանկացած թուլություն Հայոց պետականությունը կդնի վտանգի տակ։
Մենք այն գիտենք, ու նրանք դա մեզանից ավելի լավ են գիտակցում։ Այդ իսկ պատճառով, մենք վստահ ենք, որ նրանք ի զորու են մերժել այս կործանարար դիրքորոշումը և կերտել իրենց ազգային ապագան։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, որը չի կարող հանդիսանալ մի իշխանության մենաշնորհը, որովհետև մի ազգի համար ճակատագրական որոշումները տեսանելի հորիզոնից առավել անդին են, քան կարճատես իշխանությունների քայլերը։
Արցախի հարցը, կազմելով Հայության Դատի անբաժան մաս, մեզ պարտավորեցնում է՝ անկախ այն բանից, թե ինչ են մտածում եւ արտահայտում այդ պահի իշխանությունները։
Հայ Դատը արհեստականորեն կտրել Հայաստանից և այն վերագրել միայն Սփյուռքին, ինչպես դա անում է ՀՀ վարչապետը, իրականում կնշանակի ծառայել թուրքական շահերին։
Ներկայիս իշխանությունը բարոյական իրավունք չունի ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ առանց հարցնելու Սփյուռքի և իր իսկ ժողովրդի կարծիքը։
Սրանով մենք սթափության կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գործել ի շահ Հայաստանի, քանի որ այն պարտավորեցնում է բոլորիս ՝ Արցախը պիտի մնա հայկական, և Հայկական հարցը ծագել է, որպեսզի Հայաստանը ապրի և արարի։
Լորան Լեյլեքյան, « Ֆրանսիա-Արցախ » Բարեկամության Շրջանակի քարտուղար
Իրինա Հովսեփյան, ENA-ի շրջանավարտ, վերլուծաբան, ծրագրերի ղեկավար
Հիլդա Չոբոյան, « Կովկաս » կենտրոնի նախագահ
Ֆրանսուա Ռոշեբլուան, Ազգային Ժողովի պատվավոր անդամ, « Ֆրանսիա -Արցախ » Բարեկամության Շրջանակի նախկին նախագահ, Արցախի ֆրանկոֆոնիայի նախագահ
Ալեն Նավարա-Նավասարդյան, սոցիոլոգիայի և արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Էրվե Ժորժելեն, Աթենքի համալսարանի գիտաշխատող, դասախոս
Տիգրան Եգավյան, լրագրող
Բելլա Շա