Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է միջատի երրորդ տեսակը՝ որպես սննդի բաղադրամաս. այժմ աշխարհամասում հնարավոր կլինի ուտելու համար ընտանի ծղրիդները վաճառել սառեցված կամ չորացրած, ինչպես նաև փոշու տեսքով։ Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«ԵՀ որոշումը հավանության է արժանացել ԵՄ բոլոր երկրների կողմից այն բանից հետո, երբ արտադրանքի անվտանգությունը հաստատվել է Սննդի անվտանգության եվրոպական մարմնի կողմից (ESFA)»,-ասվում է կարգավորողի հայտարարության մեջ։
Անցյալ տարվա հուլիսին ԵՀ-ն թույլ տվեց որպես սննդի բաղադրիչ վաճառել միջատի առաջին տեսակը՝ խոշոր ալրային որդի (բզեզի) թրթուրը, իսկ նոյեմբերին այս ցանկում ավելացրեց երկրորդ տեսակը՝ ասիական մորեխը։
Նոր բաղադրիչ պարունակող ապրանքները պետք է մակնշվեն պոտենցիալ ալերգիկ ռեակցիաների մասին տեղեկություններով:
Ըստ ԵՀ-ի՝ միջատները աշխարհի հարյուր միլիոնավոր մարդկանց ամենօրյա սննդակարգի մի մասն են կազմում, և դրանց օգտագործումը որպես սպիտակուցի այլընտրանքային աղբյուր կնպաստի ավելի կայուն սննդի համակարգին ԵՄ-ի անցմանը: