Նախկինում շատ անգամներ են ադրբեջանական շարասյուներ անցել մեր ճանապարհով, բայց սա միակ դեպքն էր, երբ մերոնց հաջողվեց այն հետ ուղարկել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված այն տեսանյութին, որում երևում էր, թե ինչպես են մարտակերտցի տղամարդիկ փակել ադրբեջանական շարասյան դիմաց թույլ չտալով, որ այն հասնի Քարվաճառ:
«Այնպես է ստացվել, որ մենք իրավունք չունենք օգտվել մեր այն ճանապարհներից, որոնք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, բայց նրանք իրավունք ունեն օգտվեն մերինից: Ամեն անգամ, երբ գյուղացիները ստիպված են լինում օգտվել այդ նույն ճանապարհից, վախենում են թե՛ իրենց, և թե՛ երեխաների կյանքի համար, որովհետև չգիտես՝ ինչ սպասել ադրբեջանցուց»,- ասաց պատգամավորը:
Մեր այն հարցին՝ եթե բնակիչները նախկինում չէին խոչընդոտում ադրբեջանական շարասյան անցնելուն, ապա որն է պատճառը, որ հիմա են ընդդիմանում, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց. «Մարդկանց համբերության բաժակն է լցվել, որովհետև երբ որ նոր էր այս ամենը, հույս ունեին, որ ինչ-որ մի բան կփոխվի, բայց, երբ տեսան, որ այդպես չէ, սկսեցին արդեն իրենք իրենց ուժերով պայքարել անօրինությունների դեմ»,- ընդգծեց պատգամավորը:
Վերջինս ասաց, որ մարտակերտցիներից մեկը իր հետ զրույցում ասել է, որ նման շարասյուներով գրեթե միշտ զինվորական համազգեստներով մարդիկ են անցնում, իսկ մեքենայի ներսի պարունակությունը չեն կարողանում իմանալ, թե ինչ է. «Բնակիչները ասում են՝ ամեն ինչ էլ կարող է լինել այդ մեքենաների ներսում: Առաջին հայացքից, որ նայում ես ինչ-որ շինանյութ է, հավանաբար իրենց դիրքերի բերալավման համար է»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ Հակոբյանի՝ կարևոր չէ՝ քանի հոգի է կանգնել ադրբեջանական մեքենայի դիմաց, էականն այն է, որ նրանք այնքան ուժ և խիզախություն են ունեցել, որ կարողացել են մի քանի հոգով այդ շարասյունը ելման դիրքեր ուղարկել:
Զվարթ Պետրոսյան