Կիրակի և այսօր մեզ մոտ հանգիստ է եղել, ադրբեջանցիների կողմից ոչ մի քարոզչություն չի անցկացվել,  արտառոց դեպք չի գրանցվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:

Հետաքրքրվեցինք, թե հասարակության շրջանում ինչ տրամադրություն է տիրում ադրբեջանական կողմի նման պահվածքից հետո, նա նշեց, որ որևէ խուճապ չկա, և ադրբեջանցիները չեն հասնի իրենց ուզածին. «Երեխաները, հա՛, լավ վախեցած են, բայց հասուն մարդկանց համար սովորական է դարձել: Այդ քայլերով Ադրբեջանը ցանկանում է հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա, որ ժողովուրդը հիասթափվի, դուրս գա իր տանից»,- ասաց համայնքի ղեկավարը:

Նա նշեց, որ դիմել են ՀՀ կառավարությանը՝ խնդրանքով, որ իրենց գյուղում ևս խաղաղապահներ տեղակայվեն, քանի որ կողքի գյուղերում կան, իսկ իրենց՝ ոչ: 

Հարցին, արդյո՞ք ստացել են պատասխան, նշեց՝ ոչ, դեռ սպասում են:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցիները բարձրախոսներով նամազ էին միացրել Խրամորթի մոտ: Իսկ դրանից առաջ էլ նրանք բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորել են գյուղացիներին լքել գյուղը։ 

Կարող եք ընթերցել նաև՝ «Ադրբեջանցիները սպառնալով վռնդել են դաշտում աշխատողներին, ասել են՝ նորից գաք, բոլորիդ կխփենք»: