Մանկապարտեզի վարձը 7 հազար դրամ է դարձել. առաջ 5 հազար էինք տալիս. Էլի 7 հազար էր, բայց երկու հազարը հովանավորում էր գյուղապետը, հիմա եկել են նորերը թանկացրել են: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Փարաքար համայնքում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում:
«Բա ասում էիք՝ եկել ենք էժանացնենք, Նիկոլ Փաշինյան, արի հլը նայի, տես ինչ է կատարվում: Ասում են՝ շատ երեխաներ ունեցեք, ես 3 երեխաների հայր եմ, ի՞նչ աշխատավարձ են տալիս: 150 հազար դրամ եմ ստանում, ամսական մենակ 21 հազար մանկապարտեզի վարձն է, բա էդ երեխան ուտել է ուզում, շոր է ուզում: Արդեն փոշմանել ենք, որ «Նիկոլ վարչապետ» գոռացինք: Ինչ լինում է, ասում են՝ նախկիններ, նախկիններ»,-ասաց նա: