Երևանի Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում նոր ղեկավարներ են նշանակվել։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Ըստ այդմ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոման Համբարձումյանը, իսկ Մալաթիա-Սեբաստիայում` Սաշա Կատվալյանը։
Իսկ ինչո՞վ են հայտնի վարչական շրջանների նոր ղեկավարները: Համբարձումյանը մի քանի ամիս զբաղեցրել է Կիլիկիա ավտոկայանի տնօրենի պաշտոնը: Համբարձումյանն իր աշխատանքային մի քանի ամիսներում միայն զուգարանն է նորոգել: Այսինքն` մի քանի ամիս էր պետք ավտոկայանի փրկչին զուգարան նորոգելու համար: Բայց զավեշտը դեռ այսքանով չի ավարտվում. մամուլը գրել էր, որ զուգարան նորոգած Ռուման Համբարձումյանն այդ գործը արել է ոչ իր նախաձեռնությամբ, այլ քաղաքացու կողմից՝ կոմերցիոն նպատակներով: Այսօր զուգարանից օգտվելու համար ե՛ւ վարորդները ե՛ւ քաղաքացիները 100 դրամ են վճարում ավտոկայանում: Բայց այդ ընթացքում զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանը միայն ավտոկայանի տնօրենը չի եղել. նա միաժամանակ Veolia Armenia. ԵՏԱՏ Կենտրոն Տեղամասի պետ էր:
Դավթաշենի թաղապետը այս ընթացքում Սաշա Կատվալյանն էր, ով այժմ տեղափոխվեց Մալաթիա Սեբաստիա: Թե ինչով է աչքի ընկել պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում Կատվալյանը՝ դժվար է ասել, ասելու ոչինչ թերևս չկա: Եթե դիտարկենք վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հաղորդագրությունները, ապա պարզ է դառնում, որ այս ընթացքում վարչական շրջանի դպրոցների սաները Բուն Բարեկենդանն ու Հովհաննես Թումանյանի տարեդարձն են նշել, իսկ քաղաքացիների ընդունելությամբ, չգիտես ինչու, ավելի շատ զբաղված էր փոխթաղապետ Արսեն Մելքոնյանը:
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ այն պաշտոնյաներին, ովքեր զրո արդյունավետություն են արձանագրել զբաղեցրած պաշտոններում՝ այլևս պաշտոն չեն վստահելու, ինչպես տեսնում ենք՝ վստահում են, այն էլ պատգամավորի աշխատավարձից բարձր աշխատավարձ ենթադրող պաշտոններում: Իսկ թե որ արժանիքների համար՝ թերևս ՔՊ-ում միայն գիտեն...