ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 9-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Կատարի գործընկեր նախարարների և այլ պաշտոնյաների հետ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները և մասնակցելու Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով։
«Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով», - հայտնել է նախարարը։
Ինչպես տեսնում ենք՝ Քերոբյանի' Կատար այցը բնավ էլ անարդյունավետ չէ, առնվազն իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի համար, քանի որ ոչխարի մսի արտահանման գուրուներից մեկը հենց ՀՀԿ-ական նախկին պատգամավորն է: Եվ վերջինս, ըստ էության, բավական լավ հնարավորություն է ստանալու ընդլայնելու սպառման շուկաները: Իհարկե, դրանից կշահի նաև պետությունը, սակայն, փաստենք, որ վերջին շրջանում էկոնոմիկայի նախարարությունը աշխատում է՝ շահում է Ալեքսանյանը, շահում է պետությունը սկզբունքով: Օրերս էլ փոխնախարարի մակարդակով տեքստիլ արդյունաբերության զարգացման ուղղված հարցեր էին քննարկվել և ուշադրության կենտրոնում, իհարկե, կրկին Ալեքսանյանի ընտանիքին պատկանող և տեքստիլ արդյունաբերության մեջ առաջատար ընկերությունն էր...