Facebook-ում գրառումների բնույթի փոփոխությունը կարող է էպիլեպսիայով տառապող մարդկանց շուտով մահանալու կանխատեսում լինել։ Այսպիսի եզրահանգման են եկել Բինգեմթոնսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Epilepsy & Behavior ամսագրում։
Էպիլեպսիայից հանկարծակի մահվան համախտանիշը էպիլեպսիայով տառապող հիվանդի հանկարծակի, անսպասելի, ոչ տրավմատիկ մահն է։ Հանկարծակի մահվան համախտանիշը մարդկանց մոտ տարեկան հանդիպում է 1։200 – 1։1 250 հարաբերակցությամբ։
Հենվելով այլ նշանների հետազոտության վրա, որոնք առաջանում են էպիլեպսիայից հանկարծակի մահվանից առաջ, գիտնականները վերլուծել են վեց էպիլեպսիկ պացիենտների՝ Facebook-ում կատարած հրապարակումների պատմությունը։ Այդ պացիենտներն ավելի ուշ հանկարծակի մահացել են։
«Նախ՝ մենք փորձեցինք պարզապես պարզել, թե աճում է արդյոք տեքստերի ծավալը մահվանից առաջ։ Եվ սա այն է, ինչը մենք հայտնաբերեցինք,- ասել է աշխատանքի հեղինակ Ռիոն Կորեան։- Հինգ մարդու մոտ գրված բառերի թիվը զգալիորեն ավելի շատ էր վերջին օրերին, քան սովորաբար»։
Ընդ որում՝ մահվանից մի քանի շաբաթ առաջ բառերի բնույթը, ինչպես եւ գրողի տրամադրությունը փոխվել էին, ինչը հաջողվել է պարզել մեքենայական ուսուցման օգնությամբ։ «Մշակված մեթոդը կարող է կիրառվել թվային վարքագծի մասին ցանկացած տվյալի պարագայում, իչպիսին են չաթերը կամ էլեկտրոնային հաղորդագրությունները, հեռախոսազանգերը եւ այլն»,- ասել են աշխատանքի հեղինակները։ Այժմ նրանք փորձելու են ավելի մասշտաբային կլինիկական հետազոտություններ անցկացնել պացիենտների ավելի մեծ թվաքանակի ընդգրկմամբ։