ՔՊ-ական պատգամավորները որոշել են նոր ռեկորդներ սահմանել, սակայն ոչ թե աշխատասիրության, ինչպես միամտորեն կարող էինք մտածել, այլ արցախցի մեր հայրենակիցների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների ռեկորդ։

Դիցուք` ՊՆ նախարարի նախկին տեղակալ, այժմ հոգով-սրտով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարում է, որ արցախցիները «փախել եկել են Երևան և թող գնան իրենց մոտ բաներ պահանջեն»: Թերևս Մելքոյանը տեղյակ չէ, բայց այսպես կոչված «փախած եկած» արցախցիները մեր այն հայրենակիցներն են, ում պապենական տներում այսօր շնորհիվ Մելքոնյանի և իր թիմի ադրբեջանցիների թեյախմություններ են կազմակերպում և սելֆիներ անում։ Այդ մարդիկ այլևս գնալու տեղ չունեն, քանի որ չունեն ո՛չ տուն, ո՛չ հայրենիք։

Մեկ այլ պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ այն կարծիքին է, որ իր քաղաքական թիմի ղեկավարի ստորագրած կապիտուլյացիայի արդյունքում հանձնած տարածքները երբեք էլ Արցախ չեն եղել։ Այսինքն` Մոնթեն, Դուշման Վարդանը, Պետոն իրենց կյանք են զոհել հանուն «ադրբեջանական» հողերի։ Սա՞ է Ասլանյանի տրամաբանությունը։

Այսքանից հետո հարց է առաջանում` ի՞նչ բարոյական իրավունքով են սույն անձինք հոխոռտում արցախցիների հասցեին։ Ի՞նչ են արել անձամբ իրենք` որպես պատգամավոր, պաշտոնյա, բացի ԱԺ նիստի ընթացքում «տետրիս» խաղալուց։

Կամ այլ հարց` ո՞ւր էին նրանք 44-օրյա պետերազմի ժամանակ, երբ արցախցին կենաց մահու պայքար էր մղում։ Չկա որևէ հիշատակում, որ տվյալ պատգամավորները կամավոր կամ այլ կերպ մասնակցել են պատերազմական գործողություններին։ Գագիկ Մելքոնյանի խոսքերից միայն իմանում ենք, որ նա պատերազմի օրերին Օմարում էր: Ահա այսպես է նա ներկայացրել այդ դրվագը՝  «Մենք կազմակերպել ենք պաշտպանությունը ու մինչեւ նոյեմբերի 25-ը մենք կանգնել ենք, հյուսիսային թեւը պահել ենք, մինչեւ հրաման է եղել իջնելու՝ իջել ենք: Մենք գնացել ենք օգնել ենք, կազմակերպել ենք պաշտպանությունը, հարձակումը: Հրամանատարական կազմը զգացել է մեր շունչն իր թիկունքում: Էդ որ իրենք ասում են՝ մենք գնացինք, մեզ չընդունեցին, էս արեցին, էն արեցին, գեներալների մասին է խոսքը, մեզ չթողեցինք բունկեր մտնեինք…Էթում էիր բունկեր ի՞նչ էիր անում, գնայիր պատերազմի դաշտ՝ առաջին գիծ, այնտե՛ղ գնայիր կազմակերպեիր, բունկերում ի՞նչ էիր անում: Ու լրիվ լցված էիք բունկերներում, բունկերներում ի՞նչ էիք անում, ես կանգնած եմ եղել իմ զինվորի կողքին Օմարում»:

Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ Օմարում, որտեղ անգամ թշնամին չէր էլ հասել մինչ կապիտուլյացիա ստորագրելը, ինչո՞ւ ոչ Շուշիում, երբ Արայիկ Հարությունյանը խնդրում էր գալ  և պաշտպանել բերդաքաղաքը, կամ Ջաբրայիլում, թե՞ դրանք հայկական հողեր չէին, կամ գուցե՞ անտեղ վտանգն իրական էր..