«Ես ներողություն եմ խնդրում օրակարգից շեղվելու համար». Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, որից հետո ԱԺ դահլիճում աղմուկ բարձրացավ, ամենայն հավանականությամբ ընդդիմադիր պատգամավորները դժգոհում էին, որ երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը խոսեց բյուջեի հաշվին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Բալի այցելությունից, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց օրակարգից խոսել:
Ռուբեն Ռուբինյանը դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց.
«Մի վայրկյան, մի հատ ձեր ձեռը հետ դրեք ու հանգստացեք: Մի պատասխանեք ինձ»: Այնուհետեւ նա Հռիփսիմե Գրիգորյանին եւս խնդրեց մնալ օրակարգի շրջանակներում:
Գրիգորյանը շարունակեց ելույթը.
«Ես ներողություն եմ խնդրում, սակայն հարցը ոչ թե որեւէ ներքաղաքական խնդրի է առնչվում, այլ Արցախի մեր հայրենակիցների համար կարեւոր եւ բացառապես հումանիտար հարցի: Ես ցանկանում եմ, հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունը այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումը իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից ու ջեռուցումից զրկել էր արցախահայությանը: Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է:
Սա խստորեն դատապարտելի է, ես կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քալեր ձեռնարկեն, մենք, իհարկե, Արցախի իշխանությունների ու ռուս խաղաղապահների հետ համագործակցելով, զբաղվում ենք այս խնդրով ու շարունակելու ենք զբաղվել, բայց ես պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը: Սա բացառապես հումանիտար հարց է ու հրավիրում եմ մեր միջազգային գործընկներների ուշադրությունն այս հարցին», - եզրափակեց Հռիփսիմե Գրիգորյանը: