Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, ՀՀԿ շենքի հարևանությամբ բողոքի ակցիա են իրականացնում մայրաքաղաքի 33-րդ թաղամասի բնակիչները: Հիշեցնենք, որ վերջիններս պահանջում են, որպեսզի իրենց հատկացվեն բնակարաններ: Խնդիրն այն է, որ դեռևս հինգ տարի առաջ կառավարության որոշմամբ Ֆիրդուսի շուկա կոչվող տարածքի հարևանությամբ գործող տարածքը պետության կողմից ճանաչվել է գերակա շահ և օտարվել, իսկ ապրողներին խոստացվել է կարճ ժամկետում նոր բնակարաններ հատկացնել:
Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողին հայտնեցին, որ օրերս կառավարությունից իրենց հայտնել են, որ իրենք երբեք էլ նման որոշում չեն կայացրել, և որ այդ տարածքը պետության կողմից գերակա շահ է ճանաչվել:
«Հիմա, փաստորեն, ստախոսը մենք դարձանք, բայց մենք ունենք այդ որոշման փաստաթուղթը, թող մեզ չստեն»,- ասացին ակցիայի մասնակիցները: Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակի մոտ ժամանեց նաև Սիթի Սենտր ընկերության ներկայացուցիչը, սակայն վերջինս մեկնաբանություններ տալ հրաժարվել է: «Ես այստեղ չեմ եկել, որ մեկնաբանություն տամ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Իսկ բնակիչները շարունակում են վանկարկել. «Այ վերընտրված նախագահ, դուրս արի»: Սերժ Սարգսյանի փոխարեն ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանը, ով բնակիչներին հայտնեց, որ խնդիրը վաղը կուսումնասիրեն: «Եկեք դուք էլ ինձ հասկացեք, ընդառաջ գնացեք, վաղը կհանդիպենք և ամբողջ հարցերը կլուծենք»,- նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը: Բնակիչները սակայն թերահավատորեն վերաբերվեցին այս վստահեցումներին՝ նշելով, որ իրենց գրավոր փաստաթուղթ է պետք:
Հիշեցնենք, որ բնակիչներին խոստացվել էր, որ Գինու գործարանի հարևանությամբ նոր շենքեր են կառուցվելու և տրամադրվելու են բնակիչներին: Սակայն առ այսօր բնակիչներին բնակարանային փոխհատուցում չի տրվել:
Փայլակ Ֆահրադյան