Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է Արցախի տարբեր պատերազմներում զոհվածների մայրերի, կանանց նկատմամբ հանրային պարսավանքի թեմային։
Նա նշել է, որ Կանանց տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ և դրանից հետո նա բացահայտել է, որ որդեկորույս մայրերը, որոնք կրկին երեխա են ունեցել կամ պլանավորում են երեխա ունենալ, կամ մասնակցում որևէ ուրախ միջոցառման, ապա հանրության կողմից արժանանում են պարսավանքի, նրանց այդ որոշումը միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից։
Նա ընթերցել է միջոցառմանը մասնակցած կանանց հասցեին սոցցանցերում արված բացասական մեկնաբանությունների մի քանի օրինակներ, ապա կոչ արել որդեկորույս մայրերին լինել ուժեղ։
«Բոլոր մայրերին և այն մայրերին, կանանց, այրիներին, ովքեր մեր միջոցառմանը մասնակցում էին, և նրանց, ովքեր չէին մասնակցում, բայց ինչ–որ տեղ են գնում կամ հաց են առնում կամ կյանքի նշաններ են ցույց տալիս, կոչ եմ անում լինել ուժեղ»,– ասել է նա՝ հավելելով, որ եթե ոչ իրենք, ապա ուրիշ ոչ ոք չի կարող ստիպել մարդկանց, որպեսզի հարգեն իրենց որդիներին և նրանց հիշատակը։
Վերլուծելով հանրային արձագանքի տարբեր օրինակներ՝ Աննա Հակոբյանը եկել է եզրակացության, որ հանրությունը չի ընդունում, որ զոհվածի մայրը կարող է վերադառնալ բնականոն կյանք և որոշակի հանրային պահվածք դրսևորել, որը դուրս է ընդունված պատկերացումներից։
Անդրադառնալով հարցին, թե որոնք են հանրության շրջանում առկա այդ պատկերացումները, նա ասել է․ «Օրինակ՝ զոհված հերոսի մայրը չպետք է ուտի ոչինչ, բացի սև հացից և ջրից ․․․ նրա ականջները չպետք է լսեն ուրախ երաժշտություն, առհասարակ երաժտություն, առավելևս ուրախ երաժշտություն, կամ եթե երաժշտություն, ապա միմիայն լացացնող երաժշտություն, նրա աչքերը չպետք է գերեզմանից բացի բան տեսնեն, նրա մազերը պետք է ճերմակած լինեն, մաշկը թառամած, եղունգները կտրտված՝ ի նշան այն բանի, որ առավոտ և երեկո պատերն է ճանկռում՝ իր ողբը սգալով, մեջքը կորացած պետք է լինի, հագին միմիայն սև, ցնցոտիանման հագուստ պիտի լինի»։