Ապրիլի 9-ին Տերյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով դանակի հարվածից մահացել էր Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանը: Դեպքը տեղի էր ունեցել ՀՊՃՀ-ի հարևանությամբ:

Լուրեր.com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած սպանության վերաբերյալ։ Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՊՃՀ-ի ուսանողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ ծեծկռտուքը եղել է ՀՊՃՀ հենակետային վարժարանի և 3-րդ դպրոցի սաների միջև։ Պատճառների մասին նա տեղեկություններ չհայտնեց, սակայն հավաստիացրեց, որ դա «սովորական կռիվ» է եղել։ Վարժարանի սաները գնացել են 3-րդ դպրոց, որտեղ էլ եղել է, ըստ ամենայնի, առաջին ընդհարումը, որը որոշ ժամանակ անց շարունակվել է Տերյան փողոցում։

Ծեծկռտուքին միջամտել են տարբեր անձինք՝ երկու կողմերից էլ: Մահացածը՝ Տիգրան Հայրապետյանը, «որպես մեծ», վիճաբանությանը մասնակցել է իրավիճակը հարթելու նպատակով։ Խոսակցությունից հետո ծեծկռտուքը շարունակվել է 3-րդ դպրոցի սաների և Տիգրան Հայրապետյանի միջև, որի ժամանակ էլ վերջինիս դանակահարել են։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Տիգրան Հայրապետյանի վրա հարձակվողները եղել են մի քանիսը, որին հաջորդել է դանակի հարվածը։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին՝ ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ապրիլի 10-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997 թ. ծնված Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հայկ Ա.-ն ձերբակալված է: