«Երեկ, Դուք այստեղ խոսեցիք խաղաղության օրակարգի այլընտրանք չունենալու մասին։ Մինչև Դուք խոսում էիք, ես մտովի տեղափոխվեցի 1918 թվականի՝ Հայաստանի առաջին հանրապետություն». Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում ասաց քպ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Ես հիմա կպատմեմ իմ ամենասիրելի քաղաքական գործիչների մասին և կխնդրեմ, որպեսզի մտովի զուգահեռներ անցկացնեք 2018 թվականից, մասնավորապես պատերազմից հետո Հայաստանում տիրող իրավիճակի հետ»,-ասաց նա։
Բադալյանը պատմական էքսկուրս անցկացրեց՝ խոսելով Հայաստանի վարչապետ Հովհաննես Քաջազնունու մասին։ Կետերից մեկը վերաբերում էր Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, երկրորդը՝ Ադրբեջանի ու Վրաստանի հետ սահմանների հարցը լուծելուն, մի կետն էլ վերաբերում էր հարևան երկրների, պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրական կապերի վերականգնման հարցին։
Պատգամավորը խնդրեց նկատել, որ 1918 թվականի հայ ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում․
«Ի՞նչ եք կարծում, Հովհաննես Քաջազնունու նման մեծ քաղաքական գործիչը 1918 թվականին արդյո՞ք ցավ չէր ապրում իր հայրենակիցների կոտորվելու, զոհվելու, տարածքներ կորցնելու վերաբերյալ։ Կարելի՞ էր նրան անվանել հող հանձնող, թուրք, դավաճան և այլն։ Միանշանակ է, որ չէր կարելի։
Քաջազնունին իր ամբողջ կյանքի ընթացքում կտտանքների է ենթարկվել ու ի վերջո ողբերգական մահ է ունեցել։ Ասում են, որ նա, երբ վերադարձել է Հայաստան, 1938 թվականի մայիսի 28-ին միայնակ նստել է ծառի տակ ու նշել է Անկախության օրը։ Դրա համար դավաճանության արդյունքում նրան ձերբակալել են, մի շարք մեղադրանքներ տվել ու ենթարկել մահապատժի»,-ասաց նա։