Ավստրալիայում պահեստանոցում հայտնաբերվել է հոլանդացի վարպետի 400 տարվա վաղեմության նկարը, որը, ըստ մասնագետների, կարող է միլիոններ արժենալ, փոխանցում է CNN-ը։

«Նատյուրմորտ» կոչվող արվեստի գործը երկար տարիներ պահվել է մի վայրում, որն այժմ հայտնի է որպես Նոր Հարավային Ուելսի Վուդֆորդի ակադեմիայի թանգարան։

Հոլանդական ոսկե դարի 17-րդ դարի արժեքավոր կտավը հայտնաբերվել է 60.000 նմուշից բաղկացած հավաքածուի մեջ այն բանից հետո, երբ շենքը եւ դրանում եղածը նվիրաբերվել են Ավստրալիայի ազգային հիմնադրամին:

«Սա հազվագյուտ եւ շատ հուզիչ պահ է»,- ասել է ծրագրի համակարգող եւ International Conservation Services ընկերության գործադիր տնօրեն Ջուլիան Բիկերսթեթը:

Ստեղծագործությունը վերագրվում է 17-րդ դարի հոլանդացի հայտնի նկարիչ Վիլեմ Կլաս Հեդայի որդուն՝ Գերիտ Վիլեմս Հեդային, ով որպես հոլանդական ոսկե դարի մեծագույն վարպետներից մեկն է ճանաչվել։

Սակայն փորձագետները դեռ ուսումնասիրում են «Նատյուրմորտի» ծագումը:

Հիմնադրամի ներկայացուցիչն ասել է, որ արվեստի գործը դեռ գնահատվում է, սակայն փորձագետները կարծում են, որ այն կարող է միլիոնավոր ավստրալիական դոլարներ արժենալ: Վիլեմ Կլաես Հեդայի ստեղծագործությունները սովորաբար 4-ից 5 մլն ավստրալական դոլար (2.9-ից 3.7 մլն դոլար) են գնահատվում: