«Մեր նպատակը խաղաղ և առանց օրենքի խախտումների պայքարն է, բայց եթե իշխանությունն անհամաչափ ուժ փորձի կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, մեր կողմից անպայման լինելու է արձագանք». Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ իշխանություններն են պատասխանատու լինելու Երևանում ու ՀՀ մարզերում օրինականությունը պահպանելու համար։
«Ես մեր կողմից վստահաբար ասում եմ, որ որևէ ապօրինություն չենք անելու, որևէ ռադիկալ քայլի՝ ինչ-որ մի բան քանդենք, այրենք, ջարդենք, նման բան չենք անելու։ Լինելու են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, ինչը քաղաքացու իրավունքն է»,- նշեց Վանեցյանը:
Լրագրողի հարցին՝ արդյոք ինքը մնալու է Ազատության հրապարակում Վանեցյանը պատասխանեց.
«Ես մնալու եմ Ազատության հրապարակում և որևէ տեղ չեմ գնալու»,- եզրափակեց Վանեցյանը: