Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն քննադատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Մոնտեվիդեոյում հայերին ազգայնական ժեստ ցույց տալու համար: Ուրուգվայի նախագահի խոսքերը մեջբերել է «DW»-ն:
«Շատ ցավալի է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Մոնտեվիդեոյում մի խումբ հայերի ցույց տվեց թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերաբերմունքը պետք է խիստ քննադատվի: Հայ համայնքը նեղացած է, եւ դա ճիշտ է: Առեւտրային հարցերում առաջխաղացումը չի նշանակում, որ Մոնտեվիդեոն համաձայն է մյուս կողմի ներքին կամ արտաքին քաղաքականության հետ»,- ասել է Լուիս Ալբերտո Լակալե Պոուն:
Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական
դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝
Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով
դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, սկսել էին
վանկարկել. «Մարդասպան»:
Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է
թուրքական ազգայնականությունը: Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլունկանչվել է այդ երկրի ԱԳՆ:Ակնկալվում է, որ թուրք դեսպանն արտգործնախարարություն է ներկայանալու ապրիլի 25-ին: