ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
«Դիմադրության» շարժումը թափ է հավաքում։ Ձեր աչքի առջև ամեն օր կրկնապատկվում է թե՛ մեր ակցիաների ու երթերի քանակը, թե՛ մասնակից քաղաքացիների թիվը։ Մենք շատ ժամանակ չունենք: Ամեն ինչ անում ու անելու ենք, որպեսզի մոտեցնենք բեկումնային պահը ու հստակ մշակված գործողություններով վճռականորեն «Ոչ» ասենք դավաճան իշխանություններին: Սիրելիներս, այսօրվանից սկսած՝ ևս մի քանի կարևոր գործեր ունենք. ցույցերի ու երթերի կողքին պետք է ձևավորենք դիմադրության նոր օջախներ։ Խնդրանքս է բոլորին՝ ձեր բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքաներում ինքնակազմակերպվեք և սկսեք անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։ Խոսեք ձեր հարազատների, հարևանների, գործընկերների հետ։ Նրանց պետք է բացատրել պահի լրջությունն ու հապաղելու կործանարար հետևանքը։
Մենք պետք է կարողանանք ոտքի հանել ողջ ժողովրդին և շատ կարճ ժամանակում հաղթահարել մեր առջև դրված բոլոր մարտահրավերները։
Խնդրանքս հետևյալն է՝ ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին։
Ամեն ձևավորված խումբ, անհատ, դիմադրության օջախ իր բողոքի ձայնը թող բարձրացնի յուրովի:
Նիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները, նրանք էլ արդեն հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում այլևս չեն կարող պաշտպանել Ադրբեջանի ներկայացուցչին:
Նիկոլը հեռացվելու է: Մենք դա անելու ենք միասին: