ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում։
 
Մամուլի տեղեկությունների համաձայն Պալատը հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում, եւ ուսումնասիրվել է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Մասնավորապես, ուսումնասիրվել է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը, երբ առողջապահական ոլորտը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը: Ահա այստեղ էլ Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ըստ Պալատի՝ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների պլանավորման գործընթացը, ինչպես նաեւ ֆինանսավորման մեխանիզմները նպատակային արդյունավետ չեն եղել։
 
Այս բացահայտումներն այնքանով են ուշագրավ, որ գաղտնիք չէ` ՀՊ ներկայիս նախագահ Ատոմ Ջանջուղազյանը և Արսեն Թորոսյանը բավական լարված հարաբերություններ ունեին այն ժամանակ, երբ երկուսն էլ դեռևս նախարարի պաշտոն էին զբաղեցնում։ Արսեն Թորոսյանն ակնարկում էր, որ Ջանջուղազյանը նախկին է և հակահեղափոխական, ինչպես նաև պահպանողական հայացքների կողմնակից։ Իսկ Ջանջուղազյանը դեմ էր արտահայտվել Թորոսյի գլխավոր նախագծին` առողջապահության հարկ ներմուծելուն` պնդելով, որ դա ավելացնելու է քաղաքացիների հարկային բեռը և, ընդհանուր առմամբ, անիմաստ և ծախսատար ծրագիր է, ինչի հետ անշուշտ Թորոսյանը չէր համաձայնվել, ինչն էլ հանգեցրել էր երկու նախարարների գժտվելուն։
 
 
Ինչպես երևում է՝ բնավ էլ պատահական չէ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահն իր բուռն գործունեությունն սկսել է հենց առողջապահության նախկին նախարարից: Մնում է հասկանալ՝ Ատոմ Ջանջուղազյանը օգտվելով առիթից փուռը կտա՞ Արսեն Թորոսյանին, թե ոչ...