Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանների մեջ աչքի էր ընկնում հատկապես կարմիր բերետավոր «ծեծողը», ով, ինչպես երևում է, բավականին երիտասարդ է: Դեռևս մի քանի օր առաջ ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշել էր, թե «նրանցից ամենաակտիվը «մալինովի» բերետավորն էր, ով շատ երիտասարդ էր ու իրան թվում էր՝ հայրենիքն է ազատագրում»:

Այժմ ֆեյսբուքյան ակտիվիստները պարզել են նրա ով լինելը: Այս մասին նաև երիտասարդ գիտնական և ակտիվիստ Դանիել Իոաննիսյանն է Ֆեյսբուքյան էջում գրառում թողել և տեղադրել նրա նկարը՝ Մերձավանի բնակիչ 1990 թ-ի ծնված Արթուր Ղազարյան:

Երիտասարդ գիտնական Դանիել Իոաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է նրանց հաջողվել պարզել կարմիր բերետավորի ինքնությունը.«Շատ պարզ, մենք նաև այլ անձանց ինքնությունը կպարզենք: Մենք անում ենք հետևյալ կերպ՝ հանում ենք այն անձանց նկարները, ովքեր, մեր կարծիքով, օրենք են խախտել, բռնություն են կիրառել, դնում ենք սոցիալական ցանցերում և հարյուրավոր մարդիկ տարածում են և տեղեկություններ ենք հավաքում նրանց մասին: Օրինակ' Ղազարյան Արթուրի պարագայում մեկ օրվա ընթացքում 4 հոգի պատմեցին նրա մասին, անգամ Մերձավանի բնակիչներից... զարմանալին այն է, որ պատմեցին՝ ինչու է ինքը այդպես աչքի ընկնում, ասում են, որ ինքը ուզում էր իրեն Սերժի «ախրանայում» վերցնեն, դրա համար աչքի էր ընկնում: Եւ իրոք, նա ուրիշ կադրերում էլ է աչքի ընկնում: Նա միշտ Ներսես Նազարյանի շուրջն է և Բաղրամյան պողոտայի վրա ուսանողների նկատմամբ կիրառված բռնության մեջ ամենաակտիվներից է: Նման պահվածքով մարդիկ փորձում են Սերժի «ախրանա» անցնել: Իհարկե, դա ցույց է տալիս՝ ինչ «կրիտերիաներ» են պետք Սերժի «ախրաննիկը» դառնալու համար. ոչ թե անձին պաշտպանել, այլ հակառակը' ծեծել»,-ասաց երիտասարդ գիտնականը:

Դանիել Իոաննիսյանը կարծիք հայտնեց նաև ապրիլի 9-ի դեպքերի մասին, որոնց ինքը մասնակցել է.

«Եթե լիներ մեկ ուրիշ մարդ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն, միգուցե չկարողանայի ասել այն, ինչ կասեմ նրա համար: Բայց Արմեն Մարտիրոսյանը մի մարդ էր, ով հինգ տարի առաջ, վնասելով իր իսկ առողջությունը և վտանգելով իր իսկ կյանքը, մի գնդապետի կամ փոխգնդապետի կյանք փրկեց: Այսինքն' Արմեն Մարտիրոսյանը, մեղմ ասած, ոստիկանին առաջինը հարվածողը չէր: Դեռևս ամսի 9-ի առավոտյան, ոստիկանները քաշքշեցին Ա. Մարտիրոսյանի դստերն ու մորը ... Իսկ ինչ վերաբերում է երեկոյան ժամը 7-ի մոտ տեղի ունեցածին, Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակվում են մոտ 5-6 ոստիկան, ու ամեն մեկը ոնց կարողանում, հարվածում է: Նախ, օրենքի իրավաչափ կիրառում չէր նրանց արածը, բայց եթե անգամ ենթադրենք, որ իրավաչափ էր, այդ օրենքը կիրառելու ձև կա: Քացով քթին հարվածելը (ես նույնիսկ չեմ ուզում ասել ոտքով, ավելի տեղին է «քացով» բառը' Դ. Ի.), այդ քացով քթին հարվածելը բացարձակապես չի մտնում ոչ մի ոստիկանական գործառույթի մեջ: Եթե պետք է մարդուն չեզոքացնել, առավել ևս, որ նա շրջապատված է ոստիկաններով, ընդամենը ձեռքերը, ոտքերը պահում և բերման են ենթարկում: Բայց Արմենին նրանք ոչ թե նպատակ ունեին չեզոքացնելու, այլ դաժան ծեծի ենթարկելու: Որովհետև եթե դա արվում էր մի ոստիկանի կողմից և մյուսները կարող են համաձայն չլինել նրա հետ և մտածել, որ քաղաքացուն չի կարելի քացով հարվածել, հետ կպահեին, բայց նրանց հետ շարունակում էին հարվածել: Այսինքն' սա մի ամբողջ համակարգի վերաբերմունք է մի մարդու նկատմամբ, ով 5 տարի առաջ փոխգնդապետի կյանք փրկեց: Սա մի ամբողջ համակարգի վերաբերմունք էր մի մարդու վերաբերյալ, ով երկար տարիներ Աժ-ում այն եզակի պատգամավորներից էր, որ իր աշխատավարձով էր ապրում և կողքից ոչ մի ուրիշ եկամուտ չուներ և չէր թալանում երկիրը, և ի վերջո, սա վերաբերմունք էր քաղաքապետի թեկնածուի նկատմամբ:

Այդ նույն կադրերում երևում է, թե ինչպես վահաններով կանգնած ներքին զորքերի զինծառայողները, որոնք մահակներով կանգնած էին, ոչ մեկը Արմենին չէր խփում, որովհետև նրանք շարքայիններ էին և Արմենի դեմ ոչինչ չունեին: Արմենին խփում էին կարմիր բերետավորները»,-ասաց Դ. Իոաննիսյանը:

Քրիստինա Մկրտչյան