Էդ որ իշխանություններն ասում են՝ կանչում ենք, չեն գալիս խորհրդարան, մենք այդ հնարավորությունը այսօր կտանք իրենց. Կտեսնենք՝ ով է գալիս, ով չի գալիս:
Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Այդ հրաշալի հնարավորությունն իրենք ունեն մեզ հետ հանդիպելու խորհրդարանում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ հարցուպատասխանին մասնակցելուն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ի՞նչ հարցուպատասխան, կա մեկ օրակարգ՝ իրենց հեռացման, եւ կա երկրորդ օրակարգը, այն սկզբունքները, որ հայտարարել ենք, չհրաժարվեն: Իրենք մեզ ասում են՝ կեղծ օրակարգ է մեր օրակարգը, մենք էլ ասում ենք՝ խնդրում ենք ասել, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հիմա եթե ասում են՝ ոչ, չենք կարող, Ալիեւը թույլ չի տալիս, դրանից հետո իրենց օրակարգն է կե՞ղծ, թե՞ մերը: Այսինքն իրենք երկիրը տանում են նոր կապիտուլյացիայի:
Հիմա Նիկոլը կրակի մեջ է ընկել, գնա այդ ճանապարհով, ժողովուրդն է հեռացնում, չգնա էդ ճանապարհով՝ դրսի ուժերը, Ալիեւն ու Էրդողանը: Ինքը պետք է որոշի, թե ում ցանկությունն է կատարում: Հիմա ինքը ժամանակ է ձգում»,-հայտարարեց նա: