Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի հարթակից ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ եկել է ջրբաժանի պահը․ Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը, երկրի բոլոր պետական հաստատությունները, հասարակական կազմակերպություննները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այն հիմնադրույթների վերաբերյալ, որոնք խորհրդարանական ընդդիմությունը ամբողջացրել է մեկ հայտարարության մեջ և հրապարակել այն։
Հայտարարությունը վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, ներկայացնում է այն նախապայմանները, որոնք իրականացվելու դեպքում միայն հնարավոր են այդ հարաբերությունները։
Հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում հենց այդ հայտարարության ստորագրման հարցն է, սակայն իշխող ՔՊ խմբակցությունը հայտարարել է, որ նիստին չի մասնակցելու։
«Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնել։
Մենք հայտարարել ենք, որ հունիսի 3-ը լինելու է նրանց քաղաքական գերեզմանը, որովհետև որևէ հայ մարդ չի կարող բացատրություն ունենալ՝ չմիանալու այն հայանպաստ փաստաթղթին, որը դրված է սեղանին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց՝ առաջիկա օրերին պայքարը կառուցվելու է այդ փաստաթղթի շուրջ։
«ՀՀ բոլոր պետական հաստատությունները՝ հոգևոր, քաղաքական, մշակութային, ակադեմիական, բոլոր խավերը, էլիտաները, հասարակական կազմակերպություննները պետք է հստակ արտահայտեն դիրքորոշում՝ կամ կողմ են, կամ դեն են, և սա ջրբաժան է։
Սեղանին են այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են պետականություն, հայրենիք ունենալու համար։ Ով դեմ է այդ փաստաթղթին, դեմ է Հայաստանին ու Արցախին»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
«Մյուս շաբաթվա մեր ողջ գործունեությունը կառուցելու ենք այս տրամաբանությամբ», -հավելեց նա։